DIY ակումբի սեփականատեր Ծոմակի՝ Հայաստանը լքելու վերաբերյալ տարբեր խոսակցություններ են շրջանառվում: Ըստ ոչ հավաստի տեղեկությունների, նա հիմա Շվեդիայում է: Թե ինչու նա հեռացավ Հայաստանից, մեզ հետ զրույցում ակտիվիստ Ծովինար Նազարյանն ասաց, որ անձնական պատճառներով չի ցանկանում Ծոմակի մասին որեւէ մեկնաբանություն անել: «DIY ակումբ ես էլ եմ բազմաթիվ անգամ մտել, ու ոչ մի անգամ չեն հարցրել իմ սեռական կողմնորոշման մասին եւ որեւէ մեկին չեն հարցրել: Նա ակտիվ դրսեւորվում էր բնապահպանական ցույցերում՝ թմբուկ զարկելով, բայց ինքը ոչ բազմազանության երթով է զբաղված եղել, ոչ էլ, առավել եւս, հոմոսեքսուալիզմ քարոզելով: Ծոմակի կերպարը ավելի պրովոկատիվ էր, նրան էին թիրախավորում, շատ չեմ խորացել, ավելի շատ կուզենայի խոսել հանդուժողականության ու համերաշխության մասին: Հանդուրժողականություն՝ մարդու ու մարդկայնության նկատմամբ եւ անհանդուրժողականություն ՝ անմարդկայնության նկատմամբ»:
Ծ. Նազարյանի խոսքերով, երիտասարդության հարձակումը բազմազանության շքերթի, DIY ակումբի վրա, պետական պաշտոնյաների բերանից հնչող «հակասահմանադրական ու հակաօրինական հայտարարությունները» իր վրա տպավորություն են թողել, որ հենց իրենք էլ նպատակ են ունեցել քարոզել նույնասեռականությունը. «Նույնասեռականներ իմ միջավայրում կան, երբեք ոչ ինձ խանգարել են, ոչ ես եմ նրանց խանգարել : Ի վերջո հայերը պետք է սովորե՞ն ուրիշի անձնական տարածք չմտնել: Այդ մարդիկ չեն փորձել դրա մասին քարոզել կամ ինձ հետ զրույցներում քարոզել, եւ այդ խոսակցությունները զարթնեցին միայն հարձակումների պատճառով»: Ծոմակին թիրախավորելով՝ նրան Հայաստանից վտարելու միտո՞ւմ կար հարցին՝ Ծ. Նազարյանն ասաց, որ ինքը իշխանությունների կողմից հասարակությանը հասարակության ձեռքով հարվածելու միտում ու քաղաքականություն է նկատում. «Հայաստանի իշխանությունները դրդում են համարյա բոլոր մարդկանց հեռանալ Հայաստանից: Մարդն ինչքան ակտիվ է, այնքան իրենց համար ցանկալի է, որ հեռանա… Նույնասեռականների հարցում կոնսոլիդացիա ստացվեց, փորձեցին ստեղծել տպավորություն, թե հասարակությունն է երկփեղկված , հասարակության երկու շերտեր իրար հարվածում են ու հայտնվում է բարի ու փառապանծ ոստիկանությունը եւ բազմազանության շքերթի մասնակիցներին փրկում հարձակվողներից, մինչդեռ ակնհայտ էր, որ հարձակվողները հրահրվել էին ու կազմակերպվել իշխանամերձ շրջանակներից: Հիմա իշխանությունը փորձում է հասարակությանը հարվածել հասարակության ձեռքով , այ թե ինչ խաղ է գնում, որ ակտիվ , ոչ լոյալ հատվածը հեռանա երկրից»:
Ծոմակի հեռանալու մասին փորձեցինք զրուցել նաեւ գրող Վիոլետ Գրիգորյանի հետ: Ըստ նրա. «Անձերի հարցը չեմ քննարկում, անձերն ինձ չեն հետաքրքրում, Ծոմակի ճակատագիրը իր անձնական գործն էր, ոնց կուզեր՝ կլուծեր, դրանից խնդիրը չի վերանում մեր հասարակության մեջ: Բայց դուք ձեր հարցերն ինձ գրավոր ուղարկեք, որովհետեւ ես սկզբունքորեն վաղուց հարցերին միայն գրավոր եմ պատասխանում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ