Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը ՍԴ է դիմելու ի պաշտպանություն վարորդների

Հուլիս 30,2012 17:25

Փաստաբան Կարեն Մեժլումյանն առաջիկա օրերին դիմելու է  Սահմանադրական դատարան: Ըստ նրա՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը:

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլլես» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այս հոդվածն անընդունելի է համարում:

«305-րդ հոդվածը սոցիալական լարվածություն է ստեղծում, քաղաքացին նույնիսկ միապատիկը վճարելու գումար չունի, նրան ասում են՝ վճարիր  եռապատիկը: Եռապատիկը չես կարող վճարել, հնգապատիկը վճարիր: Դա էլ չես կարող վճարել, կզրկվես քո սեփականությունից: Սա գումար հավաքագրելու օրենք է»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Է. Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ օրենսգրքի այս հոդվածը կարելի է կիրառել զարգացած երկրներում, որտեղ մարդկանց աշխատավարձը համեմատաբար բարձր է:

«Մեզանում տուգանքի չափը կրկնակի, եռակի բարձր է մարդու ստացած աշխատավարձից: 300 հազար դրամ տուգանք են սահմանում, չվճարելու դեպքում հնգապատկվում է ու դառնում 1 մլն 500 հազար դրամ: Մարդն ինչպե՞ս վճարի դա: ԱԺ պատգամավորները հնարավորություն չունեի՞ն այս հարցը լուծել ոչ ի օգուտ ճանապարհային ոստիկանության»,- հարց է հնչեցնում Է. Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ պետք է ընդհանրապես վերացնել եռապատկման, հնգապատկման գաղափարը: Հարցին պետք է դատական կարգով լուծում տալ:  Է. Հովհաննիսյանի կարծիքի հետ համամիտ է նաև փաստաբան Կարեն Մեժլումյանը:

«Օրենքի համաձայն՝ տույժը վարչական մարմնի որոշմամբ է լինում, վարույթ պետք է հարուցվի, կողմերը մասնակից  պետք է դառնան: Բացի դա՝ օրենքի համաձայն՝ մարդը կարող է վարչական պատասխանատվության և տուգանքի ենթարկվել միայն մեղավոր արարքի համար»,-«Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբանը, ավելացնելով. «Ի՞նչ մեղավոր արարք է գործել մարդը, ով  զորակոչվել է բանակ կամ հայտնվելով մի  իրավիճակում՝ ֆիզիկապես հնարավորություն չունի տուգանքը վճարելու: Նման դեպքերում մեղավորություն չկա, ուստի իմ դիրքորոշումը հետևյալն է՝ եթե 30 օրվա ընթացքում մարդը չի վճարել տուգանքը, պետք է վարույթ հարուցել, չվճարելու հանգամանքները պարզել»:

Ըստ նրա՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին: Համաձայն այդ հոդվածների՝ անձը ոչ միայն դատարանի, այլև պետական մարմինների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք ունի: «Մինչդեռ տուգանքի եռապատկման ու հնգապատկման դեպքում նման միջոց չկա: Այսինքն նույնիսկ մեղքի բացակայության պայմաններում անձը չի կարող այդ եռապատկումն ու հնգապատկումը դատարանում վիճարկել: Հետևաբար զրկվում է  և՛ պետական մարմինների, և՛ դատարանի առջև իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքն իրականացնելու հնարավորությունից»,- նշում է փաստաբանը, համոզված, որ վերոնշյալ հոդվածը հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածին, համաձայն որի՝ մարդու իրավունքները բարձրագույն արժեք են: Այսինքն՝ պետությունը չի կարող այնպիսի ակտ ընդունել, որով սահմանափակի անձի այդ իրավունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031