Զինապարտության մասին օրենքով՝ զինվորական ծառայություն չանցած զինապարտները ՀՀ-ում չեն կարող նշանակվել պետական պաշտոնի: Չնայած այդ օրենքն ընդունվել է 1998 թվականին, սակայն կառավարությունը դեռ չի հաստատել այն պաշտոնների ցանկը, որոնք չեն կարող զբաղեցնել բանակում չծառայած անձինք: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ով ավելի քան 13 տարի ղեկավարում է սահմանամերձ մարզը, խորհրդային բանակում չի ծառայել: Ա. Ղուլարյանի պաշտոնական կենսագրականում ոչ մի բառ չկա ազատամարտին նրա մասնակցության մասին: Տավուշի մարզը 350 կմ սահման ունի Ադրբեջանի հետ: Մարզպետն ի պաշտոնե, այլ ոլորտների հետ միասին, համակարգում է ներքին գործերի, ազգային անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: 2011թ. դեկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սահմանամերձ Ոսկեպար այցի ժամանակ բանակում չծառայած մարզպետը զինվորական հագուստ էր կրում: Ի դեպ, այդ ժամանակ ծածանվող պետական դրոշի երրորդ մասը ոչ թե նարնջագույն էր, այլ դեղին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ