ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող մի շարք «գործարարների»:
Այսպես, պարզվել է, որ հանրային սննդի և զվարճանքի ապօրինի կետ է գործել Բաղրամյան 1/1 հասցեում, որի գործունեությունը կազմակերպել էր Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ Սամվել Խուդոյանը: Իսկ մյուս դեպքում ապօրինի գործարարությամբ զբաղվելու համար որպես հարմար միջավայր ընտրվել է Մխչյան գյուղը: Այստեղ գյուղի բնակիչ Ավետ Պողոսյանն, առանց համապատասխան լիցենզիայի և պետական գրանցման, ատամնաբուժական ծառայություն է մատուցում համագյուղացիներին, իսկ նույն բնակավայրի «Ջոնաշ. Մ» մթերային խանութում էլ օրը ցերեկով վաճառում են չդրոշմավորված օղիներ:
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 17-րդ բաժնի աշխատակիցներն էլ, Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում ապօրինի գիշերային ակումբ հայտնաբերեցին: Այս դեպքում պարզվել է, որ անօրինական ձեռնարկատիրական գործունեությունն իրականացրել է Երևանի բնակիչ Էրվին Մելիքյանը:
Ի դեպ նշենք, որ ապօրինի գործունեության մի ոլորտ էլ բացահայտվել է Աբովյան քաղաքում: Այստեղ անօրինական բիզնեսը ծաղկել է դատարկ շշերի հավաքման չգրանցված կետի մակարդակով:
Կարդացեք նաև
«Ընդհանուր առմամբ, ՕՀՎ 17-րդ բաժնի կողմից վերջերս բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 10 դեպք, որի արդյունքում կազմվել են համապատասխան վարչական ակտեր և լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 3 միլիոն դրամի հարկային պարտավորություն»,- տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«ՓԱՍՏԻՆՖՈ»