Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 30-ին ստորագրել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով, մասնավորապես, զրպարտությունը կրկին համարվում է քրեորեն պատժելի արարք: Այս մասին հայտնում է Կրեմլի լրատվական ծառայությունը:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, դեռևս քննարկման փուլում այս փոփոխությունն արժանացել էր մի շարք լրագրողական միավորումների ներկայացուցիչների բացասական արձագանքին: Ընդդիմախոսների համոզմամբ, զրպարտությունը կրկին քրեորեն պատժելի արարքների շարքին դասելը միտված է խոսքի ազատության սահմանափակմանը: Ի պատասխան քննադատության` նախագահ Պուտինը հուլիսի 19-ին հայտարարել էր, թե զրպարտության համար քրեական պատասխանատվության սահմանումը չի համարում չափազանցված: Միևնույն ժամանակ նա չէր բացառել, որ ապագայում Քրեական օրենսգրքի այդ դրույթները կարող են վերացվել:
Նշենք, որ ՌԴ-ում զրպարտությունն ապաքրեականացվել էր և վարչական իրավախախտում համարվել 2011թ. դեկտեմբերին` նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի օրոք: Որպես պատիժ սահմանված էր տուգանք կամ հարկադիր աշխատանք: Ընդ որում` տուգանքի առավելագույն չափը սահմանված էր 5 մլն ռուբլի, իսկ հարկադիր աշխատանքինը` 480 ժամ:
«ՓԱՍՏԻՆՖՈ»
Կարդացեք նաև