Կառավարական զորքերի եւ ապստամբական ուժերի միջեւ չդադարող մարտերի ֆոնին Հալեպի բնակչությունը շարունակում է լքել քաղաքը: ՄԱԿ-ի տվյալներով` միայն վերջին երկու օրերին քաղաքը լքել է 200 հազար մարդ, ինչը կազմում է Հալեպի բնակչության շուրջ 10 տոկոսը:
ՄԱԿ-ի մարդասիրական ծրագրերի ղեկավար Վալերի Ամոսը Սիրիայի իշխանություններին կոչ է արել անվտանգ միջանցքներ ստեղծել Հալեպ հումանիտար բեռների առաքման համար: Չնայած այս կոչերին` ո՛չ Ազատ սիրիական բանակը եւ ո՛չ էլ կառավարական ուժերը չեն դադարեցնում միմյանց դեմ ուղղված գործողությունները:
Սիրիայի պաշտոնական SANA գործակալության փոխանցմամբ` կառավարական ուժերին հանգստյան օրերին հաջողվել է լիովին գրավել Հալեպի Սալահեդին թաղամասը, որը վերջին մեկ շաբաթում վերածվել էր ընդդիմադիրների միջնաբերդի: Զարգացնելով հաջողությունը` այժմ սիրիական բանակի ստորաբաժանումները այժմ շարժվում են Բաբ ալ-Հադիդ եւ Բուստան ազ-Զահրա շրջանների ուղղությամբ, որոնք Հալեպի հայկական թաղամասից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում:
CNN-ի տեղեկություններով էլ` սիրիացի ապստամբներին հաջողվել է նոր հաջողություններ արձանագրել Հալեպի արվարձաններում: Ամերիկյան հեռուստաընկերությունը պնդում է, որ այսօր վաղ առավոտյան Սիրիական ազատ բանակի մարտիկները երեք կողմից միաժամանակյա հարձակում են իրականացրել Հալեպից հյուսիս գտնվող մի ռազմակայանի ուղղությամբ:Մի քանի ժամ տեւած փոխհրաձգությունից հետո ապստամբներին հաջողվել է լիակատար վերահսկողություն սահմանել կառավարական ուժերի այս ռազմակայանի նկատմամբ:
Կարդացեք նաև
Արեւմուտքում կարծում են, որ նույնիսկ Հալեպում հնարավոր հաջողության դեպքում Ասադի կառավարությունը ի վիճակի չի լինի տեւական ժամանակ դիմադրել ապստամբների ահագնացող ճնշմանը:
Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթան անցած գիշեր հայտարարել է. – «Միանգամայն հստակ է` Հալեպը Ասադի վարչակազմի կողմից կիրառվող դաժան բռնության եւս մեկ ողբերգական օրինակ է: Եթե նրանք շարունակեն այս ողբերգական հարձակումը սեփական ժողովրդի դեմ, միանշանակ է, որ դա մի մեխ կլինի Ասադի դագաղին»:
Գեւորգ Ստամբոլցյան
«Ազատություն» ռադիոկայան