Երեկ Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Նոր Աստղաբերդ համայնքի Աջաբաջ գյուղում, մինչեւ երեկոյան 21:30 տեղացած ուժեղ անձրեւի, կարկուտի ու սելավի հետեւանքով բավականին ավերածություններ են եղել:
Նոր Աստղաբերդ համայնքի ղեկավար Սուրիկ Թեւանյանի խոսքով` գյուղում երեկ իսկական ջրհեղեղ էր, գյուղի գետը դուրս էր եկել ափերից, ողողել ճանապարհները, փողոցները, ավերածություններ արել գյուղում: Կարկուտից ու ուժեղ անձրեւից վնասվել են գյուղի բերքը, Աջաբաջի խոտհարքները գետնին են հավասարվել, խցանվել են խողովակաշարերը, խափանվել է ջրահեռացումը, պղտորվել է գյուղի խմելու ջուրը: Ֆիլտրացման շնորհիվ հաջողվել է հնարավորինս մաքուր ու խմելու համար պիտանի ջուր տրամադրել գյուղաբնակներին:
«Խոտհարքներն են գետնին հավասարվել, եղանակն էլ անձրեւային է, եթե էսպես շարունակվի, չոր խոտը կփտի ու լուրջ խնդրի առաջ կկանգնի գյուղացին: Մինչեւ էսօր ոչ մեկը խոտհարք չէր մտել, խոտի պաշար չէր էլ հասցրել հավաքել: Տեղում հանձնաժողովը կուսումնասիրի եւ կհաշվարկի գյուղին հասցված ընդհանուր վնասի չափը»,- ասել է Սուրիկ Թեւանյանը:
Կարդացեք նաև
Ներկա դրությամբ շարունակում է անձրեւ տեղալ գյուղում ու Կապանի տարածաշրջանում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ