Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանապետի օգնականը հացադուլավորին սպառնացել է. «Նենց չանես, քո համար վատ լինի»

Հուլիս 30,2012 15:58

Նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն իր անչափահաս երեխաների՝12-ամյա Գայանեի և 10-ամյա Կարինեի հետ այսօր առավոտից անժամկետ հացադուլ է հայտարարել եւ ՀՀ ոստիկանության շենքի մոտից չի հեռանա այնքան ժամանակ, մինչեւ իր հասանելիք 2.5 միլիոն դրամը չվճարեն: Aravot.am-ի հետ զրույցում Մխիթար Ալումյանը պատմեց, որ 2002 թվականից աշխատել է Ոստիկանության պետական պարեկային պահպանության վաշտում եւ իր արտաժամյա աշխատանքի հավելավճարները այս տարիների ընթացքում ոստիկանությունը չի վճարել` պատճառաբանելով, իբր թե մատյանները, որտեղ գրանցվում են հերթապահության ժամերը, անհետ կորել են:

Այսօր Ալումյանին ընդունել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնական Մերուժան Հակոբյանը, որը, ըստ Ալումյանի, փոխանակ ոստիկանի «թասիբին» կանգնի, դեռ մի բան էլ սպառնացել է. «Երեխայիս ներկայությամբ ինձ վիրավորեց ու ասաց` նայի, նենց չանենք, քո համար վատ լինի: Ես 15 տարվա ոստիկան եմ ու գիտեմ ինչ են ուզում անեն` նենց են անում, որ ափերից դուրս գամ, իրանց սպառնալիքներին չդիմանամ, մի սխալ բան անեմ, կամ սխալ բան ասեմ, որ գլխիս սարքեն, կամ գժի տեղ դնեն, կամ էլ ոստիկանի եմ վիրավորել, որ բանտ նստացնեն: Դե ես էլ  ոստիկանապետի օգնականի մոտից սուս ու փուս դուրս եկա»:

Ալումյանի պատմելով` մոտ 10 օր առաջ ՀՀ նախագահականում են ընդունել եւ խոստացել խնդրին լուծում տալ. «Դիմումս մակագրել են ոստիկանություն, որտեղից էլ ասում են` հիմք չունենք, որ քո աշխատավարձը տանք: Ընդհանուր 4.5 միլիոն են պարտք, հունվարին 5000 դոլար տվեցին, մոտ 2 միլիոն էլ պարտք մնացին, էն էլ կանչեցին ու ինձ ասացին` արի գրի, որ պարտք, պահանջ չունես, մենք էլ քիչ-քիչ կվճարենք: Ես էլ վստահեցի, որ ստորագրեցի, հիմա էլ ասում են` հիմք չկա: Բա եթե ինձ պարտք չեն, բա որպես ի՞նչ էդ 5000 դոլարը տվեցին»:

Այսօր ոստիկանապետի օգնականի ընդունելությունից հետո, Մխիթար Ալումյանին է մոտեցել ոստիկանության աշխատակից եւ ասել, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ցանկություն է հայտնել 100-150 հազար դրամ օգնություն տրամադրել, սակայն ինչպես Մխիթարն ասաց` ինքը հրաժարվել է ու հորդորել օգնությունը տալ մեկ այլ կարիքավոր ընտանիքի, իրեն իր հասանելիք ու ազնիվ վաստակած աշխատավարձն է անհրաժեշտ: Ալումյանի խոսքերով` 2 անչափահաս երեխաները, որոնք առավոտից հոր կողքին են, ընդամենը 1 «պաչկա պեչենի» են կերել, իսկ առհասարակ, 5 երեխաները, որոնցից ամենափոքրը 4 ամսական է, կիսակուշտ են քնում:

ՆԵլլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031