Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքնասպանությունների կանխարգելման հարցում լայնամասշտաբ պետական ծրագրերի կարիք կա». Հրանտ Ավանեսյան

Հուլիս 30,2012 15:34

Այսօր ինքնասպանություն թեմայով Երեւան-Մոսկվա-Աստանա-Կիեւ-Քիշնեւ տեսակամուրջի ընթացքում մասնագետները քննարկեցին խնդիրը, ներկայացրեցին վիճակագրական տվյալներ, նշվեցին նաեւ ինքնասպանություն կատարած անչափահասների տարբերությունները՝ ըստ ազգային առանձնահատկությունների: Ռուսաստանը Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում անչափահասների շրջանում տեղ գտած ինքնասպանությունների թվով՝ ամեն տարի ինքնասպանություն են գործում ավելի քան 200 երեխաներ եւ 1,5 հազար դեռահասներ։ Ռուսաստանն ինքնասպանությունների բարձր մակարդակով ԱՊՀ միակ երկիրը չէ։ Նշվեց, որ Ղազախստանում յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է ընկնում 30 ինքնասպանություն, Ուկրաինայում՝ 20, Մոլդովայում՝ 17, իսկ Հայաստանում՝ 2։

Aravot.am-ի հետ զրույցում ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն ասաց, որ տարիքից ելնելով՝ անչափահասները համարվում են ռիսկային խումբ. «Երբ տեղի է ունենում մարդու ինքնագիտակցության ձեւավորումը, ինքնաիրացման ապագայի ծրագրի ձեւավորումը, սկսում են ակտիվանալ նաեւ ֆիզիոլոգիական եւ հոգեբանական գործընթացները: Այս հարցը բոլորին մշտապես հետաքրքրում է, թե ինչու է դեռահասության շրջանը ռիսկային, պատճառն այն է, որ դեռահասությունն ունի հասարակության հետ հարմարման գործընթացում բավական շատ բախումներ»:

Ըստ Ավանեսյանի՝ վերջերս թեմայի հետ կապված քննարկումների ավելի շատ ալիք է բարձրացել, դա էլ պայմանավորված է խնդրի ալիքաձեւ լինելով, չնայած՝ այն միշտ հետաքրքրության դաշտում է գտնվում, մեկ մոռանում են, մեկ էլ՝ ակտիվանում: Իսկ թե ո՞վ պետք է այս հարցով զբաղվի, եւ ո՞վ է պատասխանատու՝ Ավանեսյանը նշեց՝ «Բնականաբար, լայնամասշտաբ պետական ծրագրերի կարիք կա, քանի որ այս տարիքը ներգրավված է կրթական համակարգում, եւ ոլորտի մասնագետները ուշադրության կենտրոնում պետք է պահեն հարցը: Հասարակական կազմակերպությունները մասնագիտական իմաստով պետք է զբաղվեն այս հարցով, հոգեբանները, սոցիոլոգները, մանկավարժները խոսեն միայն ուսումնասիրությունից հետո. խնդիրը հավերժ է, բայց տրանսֆորմացվում է, դեմքն է փոխում, իսկ էությամբ նույնն է մնում: Եվ ամենակարեւորը՝ դա ընտանիքն է, դեռահասը ընտանիքում պետք է ունենա համապատասխան շփման դաշտը, լինի մշտապես ուշադրության կենտրոնում եւ ստանա այն սերը, որի կարիքը ունի»:

Ռուսաստանի դպրոցներում առաջիկայում կհայտնվեն մանկական ինքնասպանությունների կանխարգելման մասնագետներ: Ըստ Ավանեսյանի՝

դա պրիմիտիվ միջոց է, բայց անհրաժեշտություն, եւ արժե հետեւել նրանց օրինակին: Սակայն՝ «առաջին հերթին գոնե հոգեբանները պետք է աշխատեն երեխաների հետ, ինչը մեզ մոտ դպրոցներում դեռ չկա, հետո նոր՝ նեղ մասնագետները: Հոգեբանների առկայությունը դպրոցում կմեղմացնի այս խնդիրը»:

Ինչ վերաբերում է քահանաների այցելություններին դպրոցներ՝ Ավանեսովը ավելացրեց, որ դա միանշանակ դրական ազդեցություն կունենա, որովհետեւ եկեղեցին եւս այս հարցում անելիքներ ունի. «Այլ հարց է, որ ժամանակակից հասարակությունում այդ տարիքի երեխաների մոտ, այն արժեքները, որը դավանում է կրոնը, եկեղեցին, մի քիչ դժվար է ընկալվում, նրանք ուզում են լինել մոդեռն, ժամանակակից եւ այնտեղ գտնել բոլոր պատասխանները»:

Ինքնասպանությունների մասին մեշտ էլ խոսվել է, խնդիրը միշտ էլ եղել է, սակայն, ըստ Ավանեսյանի՝ ժամանակ առ ժամանակ նվազել եւ ավելացել է, պայմանավորված՝ ժամանակաշրջանով, սոցիալական, տնտեսական իրավիճակներով:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031