Aravot.am-ը բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ արդյոք երեկ Խոսրովի արգելոցում կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում գրանցվեցի՞ն խոչընդոտներ և արդյոք արդեն արձագանքներ կա՞ն: Մ. Սուխուդյանը պատասխանեց. «Խոչընդոտներ չեղան, սակայն Խոսրովի արգելոցում կիսակառույցի տերերը հետքեր էին թողել, օրինակ՝ նոր կերած ձմերուկի կեղևներ, սակայն պահակներն անհետացել էին»:
Մ. Սուխուդյանը նշեց, որ իրենք շարունակելու են հիշեցնել կառավարությանը և հանրությանը, որ Խոսրովի արգելոցում կառուցված կիսակառույցը պետք է ապամոնտաժվի, և Խոսրովի արգելոցին պետք է վերադարձվի արգելոցային ռեժիմը: Մասնավորապես ՀՀ բնապահպանության նախարարի մոտ այսօր հրավիրված քննարկման ժամանակ բնապահպանները կոշտ դիրքորոշում են ունենալու և հստակորեն նշելու են իրենց պահանջները, այն է՝ ապամոնտաժել արգելոցի տարածքում կառուցված կիսակառույցը, դադարեցնել ճանապարհաշինարարությունն այդ տարածքում, պատժել այն մեղավորներին, որոնք ստորագրեցին այն որոշման տակ, որով արգելոցի մի հատվածին տրվում էր արգելավայրի կարգավիճակ, արգելոցի տարածքում արգելել էկոտուրիզմը և ՀՀ օրենսդրությունը բնապահպանական խնդիրների առնչությամբ համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:
Մ. Սուխուդյանը մանրամասնեց. «Մենք պահանջում ենք, որ ապամոնտաժումից հետո տրվեն նաև ապամոնտաժման վնասների փոխհատուցումները: Իրականում, եթե որոշումը փոխվել էր, ապա պետք է կիսակառույցը քանդվեր, բայց դա մենք չտեսանք: Հարց է առաջանում, եթե շինությունը չի թույլատրվում, ապա ինչո՞ւ է պահպանվում: Այնինչ վերջերս օլիգարխների մուտքն ու ելքն այդ տարածք ակտիվացել է, նույնիսկ տարածքը հսկում են այն ընկերության պահակները, որին պատկանում է կիսակառույցը: Բայց այդ տարածքն արդեն պետությանն է պատկանում, ուստի ի՞նչ գործ ունեն այդտեղ նշված կազմակերպության պահակները: Փաստորեն, մեր երկրում ոչ մի հաղթանակ վերջնական հաղթանակ չէ: Մաշտոցի այգում էլ պայքարեցինք, բայց հիմա էլ այլ ճանապարհ են գտել, արդեն պատրաստ է այգու՝ Արամի փողոցի հատվածում կառուցվելիք մի կինոթատրոնի նախագիծ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ Լուսինե Գեւորգյանի