Լրահոս
Օրվա լրահոսը

Ալլա Հովհաննիսյանը մտադիր է որդու սպանության հարցով դիմել ԵԽԽՎ

Հուլիս 30,2012 14:06

Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, պատրաստվում է իր որդու սպանության հարցով դիմել ԵԽԽՎ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Ալլա Հովհաննիսյանը՝ նշելով, որ ինքը նման որոշում է կայացրել Հատուկ քննչական ծառայությունից իր նամակի պատասխանն ստանալուց հետո:

«Նամակը, որն ստացել ենք Հատուկ քննչական ծառայությունից, շատ անհեթեթ պատասխան է, որը ցույց է տալիս, որ ոչ մի աշխատանք չի կատարվել»,- ասաց նա:

Ի պատասխան Ալլա Հովհաննիսյանի նամակի՝ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ ձեռնարկվում են քննչական և որոնողական աշխատանքներ՝ տասը անձանց մահվան հանգամանքները, ինչպես նաև անկարգությունների ընթացքում կատարված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Միաժամանակ տեղեկացվում է, որ դեռևս արդյունք չկա:

Ալլա Հովհաննիսյանը նշեց, որ ինքը քաջ գիտակցում է՝ ԵԽԽՎ-ն չի բացահայտի իր որդու սպանությունը, բայց կտեղեկանա, որ այդ դեպքերի բացահայտման ուղղությամբ Հայաստանում աշխատանք չի կատարվում:

«Ուզում եմ, որ ԵԽԽՎ-ն դրական արդյունք չհամարի Սերժ Սարգսյանի՝ սպանությունների բացահայտմանը լայն թափ հաղորդելու վերաբերյալ հայտարարությունը: Ուզում եմ, որ հաջորդ զեկույցներում իրենք հաշվի առնեն դա, ու նախագահի այդ նախադասությունը որպես դրական ցուցանիշ ամեն տեղ չներկայացնեն»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը:

Տիգրան Խաչատրյանի մայրը նշում է, որ ցանկության դեպքում իր որդու սպանությունն իշխանությունները վաղուց բացահայտած կլինեին: «Իմ որդին զոհվել է «չերյոմուխայից»: Իրենք շատ լավ գիտեն, թե «չերյոմոխան» ում ձեռքն է եղել: Այդքանից հետո չբացահայտելը միայն ու միայն իշխանությունների մեղքն է: Եթե իշխանությունները հրահանգ տան, Հատուկ քննչական ծառայությունը մի ժամում իմ երեխու սպանությունը կբացահայտի: եթե Հատուկ քննչական ծառայությունն իրեն հարգում է, չպիտի այդ հայտարարությունն անի, թե չգիտենք` ովքեր են կրակել: Դրանով առաջին հերթին իրենց են վիրավորում»,- ասաց նա:

Ալլա Հովհաննիսյանը վստահ է՝ քանի դեռ այս իշխանությունները կան, մարտմեկյան զոհերի մահվան հանգամանքները չեն բացահայտի:

«Ես ուզում եմ, որ իմ երեխուն սպանողն ազատության մեջ ման չգա ու չծիծաղի մեզ վրա: Վերջապես, ես ուզում եմ, որ իմ երեխու հոգին հանգստություն ստանա վերևում: Իսկ այդ ամենը կարող է լինել միայն իշխանափոխության ժամանակ: Բայց տեսնում ենք, որ այս իշխանություններն այնքան պնդաճակատ են, որ իրենց հիմարի տեղ դնելով՝ շարունակում են մնալ»,- ասաց նա:

Ըստ Ալլա Հովհաննիսյանի՝ Հայաստանի ընդդիմադիր ուժերը պետք է մի կողմ դնեն տարաձայնությունները, իրենց մեջ ուժ գտնեն և «ժողովրդի խաթր միավորվեն ու էս իշխանություններին դուրս շպրտեն երկրից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031