Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Թոքմաջյանը՝ Եղեռնի թեմայից խուսափելու մասին. Վախենալու բան չունեի, ուղղակի անգլերեն չգիտեի

Հուլիս 30,2012 14:03

Facebook-ում երեկվանից ակտիվ քննարկում է ծավալվել այն մասին, որ անվանի քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը երեկ «Երկիր մեդիայի» եթերում խոսելով  միջազգային սիմպոզիումին ներկայացված իր քանդակից՝ ասել է, թե այն Եղեռնի թեմայով էր, բայց քանի որ կողքին թուրք քանդակագործ էր ստեղծագործում, հարաբերությունները չփչացնելու համար իր քանդակը «Գաղթից» անվանափոխել է «Արհավիրքի»:

Aravot.am-ն այս առիթով մեկնաբանություն խնդրեց արվեստագետից: Նա նշեց, որ խոսքը Պենզայում կայացող ամենամյա ցուցահանդեսի մասին է, որին ինքն ամեն տարի մասնակցում է, եւ հաստատեց, որ իսկապես նման բան եղել է:

«Թուրք քանդակագործն ինձ մոտեցավ, ասաց՝ արի քաղաքականությամբ չզբաղվենք, մանավանդ կողք կողքի աշխատում էինք, միասին գնում-գալիս: Միեւնույն է՝ իմ քանդակից երեւում  էր, որ Եղեռնի թեմայով է, որովհետեւ մայրը երեխային փախցնում է, որպեսզի փրկի, եւ բոլորը նկատում  էին,. որ  այդ թեման կար, ուղղակի ես չուզեցի 1915 թիվ դնել անունը, «Արհավիրք» կոչեցի: Թուրքի հետ շփվել ենք  ինչպես՝ զուտ քանդակագործը քանդակագործի հետ, քաղաքականության մասին չենք խոսել, մանավանդ ես անգլերեն չգիտեի եւ չէի կարող էդ խոսակցության մեջ խառնվել, թուրքն էլ ռուսերեն չէր հասկանում, միայն  գլխով էինք անում»,- պարզաբանեց Լեւոն Թոքմաջյանը:

Արդյոք, այնուամենայնիվ, վախենալու կամ կորցնելու բան ունե՞ր Եղեռնի թեմայով բարձրաձայնելու համար՝ մեր այս հարցին, արվեստագետը այսպես պատասխանեց. «Վախենալու բան չկա, գուցե անգլերեն իմանայի՝ նստեինք դեմ դիմաց խոսեինք,. դա ուրիշ լիներ: Հետո  հո թարգմանիչ չէի կանչելու-բերեի… Ես համաձայնեցի քաղաքականությամբ չզբաղվել, որովհետեւ ամբողջ աշխարհից 30-40 քանդակագործ կար, մենակ չէինք: Ի դեպ, խոսքը նախանցյալ տարվա սիմպոզիումի մասին է, ուղղակի երբ  երեկ «Երկիր մեդիայով» նկարներ ու վիդեոներ էին ցույց տալիս, հենց քանդակը ցույց տվեցին, այդ պատմությունը հիշեցի ու պատմեցի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031