Այս տարվա առաջին 6 ամիսներին անչափահասների կողմից 187 հանցագործության դեպք է գրանցվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 255-ի փոխարեն: Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում անչափահաս հանցագործների թիվը 217 էր, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել են 184 հանցագործներ: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասաց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ Նելլի Դուրյանը:
Անչափահասների կողմից իրականացվող հիմնական հանցատեսակներից առաջին կիսամյակում գույքի հափշտակման 90 դեպք է գրանցվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 165-ի փոխարեն , նախորդ տարվա 3 կողոպուտի դեպքից էլ այս տարի 2 դեպք է գրանցվել: Թե անցած, թե այս տարի ավազակային հարձակման 1 դեպք է գրանցվել: Նախորդ տարվա 25 մարմնական վնասվածք հասցնելու դեպքի փոխարեն՝ այս տարի 16 -ն է գրանցվել, որից 1-ն է եղել ծանր մարմնական վնասվածք, իսկ նախորդ տարի 25-ից 9 էր ծանր: Նախորդ տարվա համեմատ՝ նվազել են խուլիգանության եւ թմրամիջոց օգտագործելու դեպքերը, աճել են անօրինական զենք կրելու դեպքերը:
Տիկին Դուրյանի խոսքերով, անչափահասների նկատմամբ 108 բռնության դեպք է գրանցվել ՝ նախորդ տարվա մոտ 83-ի փոխարեն: Ըստ նրա, եթե անցած տարի 83-ից միայն 33-ն էր սեռական բռնություն, ապա այս տարի 108-ից 43-ն են եղել սեռական բնույթի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ