Լրահոս
Օրվա լրահոսը

Բլոգեր. «Մտքեր հայրենասիրության մասին»

Հուլիս 30,2012 12:38

Դպրոցում հայրենասիրական շարադրությունները չսիրածս հանձնարարություններն էին, որովհետև կամ պիտի գրեի այն, ինչ դասատուն էր ինձնից ուզում, կամ այն, ինչ մտածում էի, որի համար ծնող էին կանչում: Հայաստանի մասին ամպագոռգոռ բառեր ասելու փոխարեն կգրեի, որ այն իմ հայրենիքը չէ: Սամվելի մասին կասեի, որ էշություն է արել՝ մորն ու հորը սպանելով: Ցեղասպանության մասին շարադրություններս արյունարբու ոսոխի ու հայերին սրախողխող անող թուրքերի մասին չէին: Միայն պատմում էի, թե ինչպես Ցեղասպանությունից փրկված պապիս Հայաստանում հայ հարևանը սպանեց: Էպոսից կընտրեի Փոքր Մհերին որպես սիրելի հերոս, որովհետև մեջներից խելոքն ինքն էր, որ հասկացավ՝ ոչ մի բան փոխել չի կարող: Մեկ-մեկ էլ, երբ չափից դուրս զզված կլինեի, տետրիս մեջ միայն մի նախադասություն կգրեի. «Նորից այս ապուշ թեման»: Ու ամեն անգամ հայոց լեզվի ուսուցչուհին կատաղած կմտներ դասարան, կասեր՝ այս ինչ ես արել:

Ինձ համար Հայաստանն աշխարհի բազմաթիվ պետություններից մեկն էր: Հպարտ չէի, որ հայ եմ: Երջանիկ կլինեի, եթե այլ ծագում ունենայի: Հայերն ինձ համար աշխարհի ամենա-ամենաները չէին: Հայկական երաժշտություն չէի լսում, կարդում էի արտասահմանյան գրականություն: Հետո, որ մի քիչ մեծացա, հայ գրականության գրեթե ամբողջ դպրոցական ծրագիրը կարդացի ու չսիրեցի Րաֆֆուն ու Մուրացանին, Վարդանանքն էլ մի քանի էջից առաջ չգնացի: Փոխարենն ինձ դուր եկան Հրանտ Մաթևոսյանն ու Բակունցը, Շահնուրի «Նահանջ առանց երգին», որի հերոսի աստիճանական ձուլման պատմությունը մինչև հիմա աչքիս առաջ է:

Դեմ չէի թուրք ընկերներ ունենալուն: Ասում էի՝ ամեն ազգի մեջ էլ լավ ու վատ կա: Ասում էի՝ ռուսներն ավելի վտանգավոր են մեզ համար, ու էդպես լրիվ ազգի դավաճան էի դուրս գալիս: Ժամերով վիճում էի պատմության դասախոսիս հետ՝ պնդելով, որ մեր գլխին գալիքները մեր էշ խելքից են, որ մենք ընտրյալ ազգ չենք:

Սխալ հայ էի, որովհետև հանուն հայրենիքի չէի մեռնի: Եթե հանուն ինչ-որ բանի էր, ուրեմն պիտի ապրեի:

Հիմա էլ առանձնապես բան չի փոխվել. իմ օդ ու ջրին կարոտ չեմ, կարող եմ ապրել առանց ամեն առավոտ Արարատը տեսնելու, կարող եմ զզվել Հայաստանից ու կարող եմ զզված հեռանալ: Հիմա էլ եմ ասում, որ Հայաստանն աշխարհի լավագույն պետությունը չէ: Կներեք, բայց ես հայրենասեր չեմ: Գուցե ուրացող եմ, դավաճան եմ, բայց իմ լեզուն հայերենն է, իսկ դա փոխել չեմ կարող և չեմ ուզում: Պիտի հայերեն խոսեմ մինչև կյանքիս վերջ, որտեղ էլ լինեմ: Ու պիտի գամ, ապրեմ Հայաստանում, բայց ոչ որովհետև այն իմ հայրենիքն է, ոչ որովհետև առանց Հայաստանի չեմ կարող: Ուղղակի հավատում եմ, որ տարիներ անց դպրոցում հայրենասիրական թեմաներով շարադրություններ չեն հանձնարարելու, որ չեն սովորեցնելու՝ հանուն հայրենիքի ծնողներին սպանելը լավ բան է, ու դասագրքերում Հրանտ Մաթևոսյանին ավելի շատ էջեր են հատկացվելու, քան Մուրացանին ու Րաֆֆուն:

Բյուրակն ԻՇԽԱՆՅԱՆ

https://byurie.livejournal.com/563173.html

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Lilit says:

    Ատում եմ հայ ժողովրդին և չեմ կարող ասել հպարտ եմ,որ հայ եմ:Ձեզ շատ լավ եմ հասկանում:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031