Այսօր ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի բացումը, որին մասնակցում է շուրջ 150 պատանի եւ աղջիկ Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից եւ Սիրիայից: Այսօր արիտունցիները կայցելեն Երեւանի պատմության թանգարան, ապա կմեկնեն Օշական` ծաղիկներ դնելու Մեսրոպ Մաշտոցի շիրմին:
Ողջունելով ծրագրի մասնակիցներին` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը փաստեց, որ արդեն 6-րդ տարին է, ինչ ծրագիրն ընդունում է տարբեր երկրներից եկած հայ երիտասաարդներին. «Դուք մի քանի ամիս սրտատրոփ սպասում էիք, թե երբ եք գալու հայրենիք եւ տեսնելու Մասիսը: Ձեր ոտքերը կթրջեք Սեւանի գեղեցիկ ջրերում եւ կայցելեք Ցեղասպանության հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին»:
ՀՀ պետական օրհներգի հնչելուց հետո նախարարն արձանագրեց, որ արիտունցիները լավ չգիտեն այն` հորդորելով ծրագրի ավարտին իմանալ օրհներգը:
Կարդացեք նաև
Գառնի Մթաֆյանը Հայաստան է ժամանել Սիրիայի Հալեպ քաղաքից: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ արդեն երեք տարի է, ինչ բնակվում է այստեղ. «Զբաղվում եմ ընթերցանությամբ, ցանկանում են լրագրող դառնալ: Ծրագրին մասնակցում եմ ընկերներիս խորհրդով: Առավել շատ տպավորված եմ նրանից, որ այստեղ բոլորի հետ կարող եմ հայերենով խոսել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ