Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ինչու այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն իրենց չի միանում ու չի մասնակցում կոնգրեսականների կազմակերպած «Ազատություն Տիգրանին եւ ՀԱԿ ակտիվիստներին» ակցիային` գլխավոր դատախազության շենքի մոտ: Այս հանգամանքը վերջին օրերին հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում, որովհետեւ ժամանակին, երբ Ալեքսանդր Արզումանյանն էր անազատության մեջ, այդ նույն տղաները պայքարել են նրա ազատության համար: Լեւոն Զուրաբյանն ի պատասխան ասաց. «Կարծում եմ` այդ հարցը պետք է հրապարակեք, բայց պատասխանն ակնկալեք այլ մարդուց»: Մեր հարցին` Դուք որեւէ բացատրություն չունե՞ք դրան` նա պատասխանեց. «Ոչ էլ փորձելու եմ փնտրել որեւէ բացատրություն: Մենք մեր գործով ենք զբաղված, մենք մեր գործն ենք անում: Ուրիշներին դատելու ոչ ժամանակ ունենք, ոչ հավես ունենք, ոչ էլ իրավունք ենք մեզ վերապահում»:
Նշենք, որ ավելի ուշ` «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսում պարոն Արզումանյանը վստահեցրել է, որ ինքն ամեն ինչ կանի Տիգրանի եւ ՀԱԿ ակտիվիստների ազատության համար, որովհետեւ համոզված է, որ նրանց քաղաքական դրդապատճառներով են դատապարտել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև