Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վրաց ընդդիմությունը ֆինանսական կորուստներ է կրում

Հուլիս 30,2012 12:08

Վրաստան - Կախա Կալաձեն ելույթ է ունենում «Վրացական երազանք»-ի հանրահավաքի ժամանակ, Թբիլիսի, 27-ը մայիսի, 2012թ.

Վերջին երկու տասնամյակների թերեւս ամենահայտնի վրաց ֆուտբոլիստ Կախա Կալաձեն զրկվել է իր վաստակած գումարի մի զգալի մասից:

Անցած շաբաթավերջին, երբ Կալաձեն այցելել է թբիլիսյան բանկերից մեկը, աշխատակիցները նրան տեղեկացրել են, որ դատարանի որոշմամբ հայտնի մարզիկի բանկային հաշիվները սառեցված են:

Վրաստանի դատախազությունը Կալաձեին կասկածում է փողերի լվացման մեջ: Իրավապահները պնդում են, որ վերջին շրջանում Կալաձեն արտերկրից մոտ 6 միլիոն դոլար է ստացել, որից առնվազն 1 միլիոնը կանխիկացրել է: Վրացական  դատախազության պնդմամբ` գումարների նման տեղաշարժը կասկածելի է, ուստի հայտնի մարզիկի հաշվեհամարը սառեցվել է:

Իրականում, սակայն, այս ողջ պատմության դրդապատճառները շատ ավելի խորքային են: Բանն այն է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ Կալաձեն միացել է Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած «Վրացական երազանք» դաշինքին` դառնալով ընդդիմության ամենահեղինակավոր ակտիվիստներից մեկը: Ավելին, նա պատրաստվում է առաջիկա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջադրվել իր հայրենի Սամտրեդիայի շրջանում գտնվող մեծամասնական ընտրատարածքում։ Վերջին շրջանում անցկացված բոլոր հարցումները վկայում են, որ Կալաձեն ի վիճակի է այդ ընտրատարածքում ջախջախիչ հաղթանակ տանել:

Աշխարհահռչակ ֆուտբոլիստի փաստաբան Սանդրո Բարամիձեն «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ հարցազրույցում պնդել է, թե հենց վերոհիշյալ հանգամանքն է ստիպել իշխանություններին լայնածավալ հարձակում սկսել իտալական «Միլան»-ի եւ Վրաստանի ազգային հավաքականի երբեմնի առաջատարի դեմ: «Եթե նրանք փողերի լվացման կասկածներ ունեն, ապա պետք է ձերբակալեին ոչ թե Կալաձեի հաշվեհամարները, այլ` անձամբ Կալաձեին, քանի որ ներկայացված է ծանրագույն մեղադրանք: Իրականում այս ողջ պատմությունը վկայում է, որ իշխանությունները գործի են դրել իրենց քարոզչական մեքենան», – նշել է Կալաձեի փաստաբանը:

Ինքը աշխարհահռչակ ֆուտբոլիստը կատարվածը հումորով է ընկալել:

«Իմ աշխատած գումարների մեծ մասը արտասահմանյան բանկերում է: Այնպես որ, այն դրամը, որ սառեցվել է, իմ «գրպանային ծախսերի» համար էր: Ես դրանով պատրաստվում էի ավարտին հասցնել իմ տան վերանորոգումը», – ասել է Կալաձեն:

Սա անցած շաբաթ վրաց ընդդիմության միակ ֆինանսական կորուստը չէր. հուլիսի 24-ին Բիձինա Իվանիշվիլին անսպասելիորենվճարեց 46 միլիոն դոլարի տուգանքը, որ մոտ երկու ամիս առաջ սահմանվել էր դատարանի կողմից` իբր ընտրակաշառք բաժանելու համար: Իվանիշվիլին իր այս քայլը բացատրելով նշեց, թե ցանկանում է այդպիսով օգնել Կախեթիայում տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին:

Վրաց վերլուծաբանների կարծիքով, սակայն, Իվանիշվիլիի այս քայլը եւս հարկավոր է դիտարկել նախընտրական իրադարձությունների համատեքստում։

«Իվանիշվիլին սրանով միանգամից երկու նապաստակ սպանեց: Նա, մի կողմից, վճարում է այն տուգանքը, որ նախկինում բազմիցս անօրինական էր անվանել, մյուս կողմից էլ` զգում է, որ սա կարող է իրեն հավելյալ ժողովրդականություն պարգեւել: Իրականում, չեմ կարծում, որ Իվանիշվիլիի այս քայլը զգալիորեն փոխեց ընտրազանգվածի ընդհանուր պատկերը», – նշել է Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամի ղեկավար Ալեքսանդր Ռոնդելին:

Գեւորգ Ստամբոլցյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031