Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ գրողի գրքի տպագրումից հետո՝ դատարանում

Հուլիս 30,2012 11:57

«Երբ սկսվեց «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքիս Ա հատորի հետ կապված դատական գործը, համոզված էի՝ տառաճանաչ ու գործիմաց մարդիկ կկարողանան բացահայտել ճշմարտությունը։ Գոնե այս օղակներում հեռու կմնամ «ամենագետ» տղամարդկանց խմբի բամբասանքից ու վատ թաքցրած շահամոլությունից։ Փառք Աստծու, կան փաստաթղթեր, կան գրքի Ա , Բ ,Դ հատորները,  ուրեմն՝ վաղ թե ուշ արդարությունը կհաղթի։

Պարզվեց՝ մարդիկ կարդում են ու չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ։ Այլապես ի՞նչ բացատրություն ունի Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի՝ 22.09.2011թ թիվ ԵԿԴ-0651/02/2011 քաղաքացիական գործով կայացրած վճիռը»,- մեր հետ իր զրույցն այդպես սկսեց բանասիրական գիտությունների դոկտոր Մարգարիտ Խաչատրյանը։

Զրուցակիցս տարիներ շարունակ հավաքել էր Սփյուռքի հայ գրականության նշանավոր դեմքերից մեկի՝ Արամ Հայկազի (Չեքմեյան, 1900-1986) հոդվածները, գրախոսականները, որեւէ ժողովածուում երբեւէ չհրատարակված պատմվածքները, հուշերը, նրա ստեղծագործություններին նվիրված էջերը, նամակները եւ այն, ինչպես տեղեկացնում է, խտասալիկով ներկայացնում է Սփյուռքի նախարար տիկին Հր.Հակոբյանին:

Մարգարիտ Խաչատրյանի «Համաստեղ. Մոռացված էջեր» քառահատոր գրքին շատերը, այդ թվում եւ նախարարը, քաջածանոթ է ։ Հավանաբար դա է պատճառը, որ.«Նախարարը շատ ուրախացավ եւ կարգադրեց ֆինանսավորել այս հատորները։ ՀՀ Սփյուռքի նախարարության եւ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջեւ 29.04.2010թ. կնքվեց թիվ 14/10 նվիրաբերության պայմանագիրը, համաձայն որի ֆինանսավորվելու էր «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գրքի Ա հատորի հրատարակումը եւ տպագրությունը, որը հաշվարկվեց 900 000 դրամ»,-պատմում է Մ.Խաչատրյանը։

Նշված գրքի նյութը պատրաստելու ընթացքում հեղինակը պարբերաբար հաշվետվություններ է գրում, որոնք ինստիտուտի տնօրենի կնիքով հաստատվելուց հետո ներկայացվում են Սփյուռքի նախարարություն։

Գիրքը ներկայացրում է նաեւ ինստիտուտի գիտխորհրդի նիստում:

Հեղինակը պատմում է.«Գիտխորհրդում իբր որոշում են կայացրել գիրքը հանձնել Սփյուռքի հայ գրականության հետ ոչ մի կապ  չունեցող երկու «ամենագետների»։ Այդ թակարդից դուրս գալու համար գրքի 2 օրինակ հանձնեցի ինստիտուտին եւ երկար ժամանակ անց մեկ օրինակը հետ ստացա տնօրենից՝ հիացական կարծիքով ու գրքի հրատարակության համար նախատեսված գումարի երկրորդ մասը Սփյուռքի նախարարությունից պահանջող գրությամբ»։

Սակայն գումարը չէր փոխանցվում, իսկ աշնանը գրքի շնորհահանդես էր նշանակված ԱՄՆ մի քանի քաղաքներում:

Մ.Խաչատրյանը ինչպես «aravot.am»-ին տրամադրած, այնպես էլ դատարան ներկայացրած փաստաթղթերի մեջ նշում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի 05.11.2009թ. թիվ 2477.5 106 գրության մասին, համաձայն որի, ինստիտուտի տնօրեն Ա. Վ. Իսահակյանը դիմել էր ՀՀ Սփյուռքի նախարարությանը, որով հայտնել է.  «Մեր ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բ.գ.դ. Մարգարիտ Խաչատրյանը հրատարակության է պատրաստել «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» գիրքը` 85 տպագրական մամուլ», մինչդեռ հետագայում, երբ գործը դատարաններում էր, դատարաններն ասել էին, թե ծառայությունների մատուցման պայմանագիր առկա չէ, հետեւաբար, դրա շրջանակներում Մարգարիտ Խաչատրյանին վճարման պարտավորություն առկա չէ:

Առկա է նաեւ 29.10.2010թ. գրությամբ ինստիտուտի տնօրենի՝` Ա. Վ. Իսահակյանի ՀՀ Սփյուռքի նախարարությանն ուղղված այն դիմումը,որով հայտնվել էր. «ՀՀ Սփյուռքի նախարարության եւ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի միջեւ ս/թ փետրվարի 8-ի N 05/10 նվիրաբերության պայմանագրի համաձայն մեր ինստիտուտը պարտավորվում էր կազմել եւ հրատարակել «Արամ Հայկազ. Մոռացված էջեր» հատոր Ա գիրքը: Այդ աշխատանքը հանձնարարվեց ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բ.գ.դ. Մ. Խաչատրյանին…»:

Նշենք, որ ինստիտուտի 31. 08. 2010թ. գրությամբ ինստիտուտի տնօրենը` Ա. Վ. Իսահակյանը, դիմելով ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարին, հայտնել է.«Մեր աշխատակցուհի բ.գ.դ. Մարգարիտ Խաչատրյանն ավարտել եւ տպագրության է հանձնել Արամ Հայկազի «Մոռացված էջեր. հատոր Ա» գիրքը: Այն լույս կտեսնի առաջիկա սեպտեմբերին, ուստի խնդրում ենք փոխանցել այս գրքի համար նախատեսված գումարի մնացյալ մասը»:

«Դատավոր Գ. Կարախանյանը չի՞ տեսել վերը նշված փաստաթղթերը, երբ իր վճիռը հիմնավորել է այսպես.

ա/ քանի որ չկա Մարգարիտա Խաչատրյանի եւ Ինստիտուտի միջեւ կնքված պայմանագիր, հետեւաբար կողմերի միջեւ վճարման որեւէ պարտավորություն չի ծագել։ Դատարանը հավելել է, որ ապացուցման առումով հայցվոր կողմը ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ գրքի կազմման աշխատանքներն իրականացվել են ոչ թե որպես աշխատանքային պարտականության կատարում, այլ որպես ծառայության մատուցում»,-հարցնում է հեղինակը:

Մ.Խաչատրյանը մտադիր է նոր երեւան եկած հանգամանքների հիմքով դիմել դատարան:

Նախորդ դատարանները, որոնք մերժել էին Մ. Խարատրյանի հայցը, մերժման հիմքում դրել էին «այլ աղբյուրների հաշվին» գիրքը տպելու հանգամանքը:

«Նորմը դատարանի վճռի հիմքում չպիտի դրվեր: Ինչ գումարի մասին է խոսքը, եթե դատարանը հաշվի չի առել, որ «Տիգրան Մեծն» հրատարակչությունն էլ է տուժել: Կա՞ ապացույց, թե կանխիկ, անկախնխիկ է փոխանցվել կամ տրվել գումարը: Դատարանն անորոշ ապացույցը վճռի հիմքում է դրել»,- ասում է Մ.Խաչատրյանի ներկայացուցիչ-փաստաբան Վ.Գրիգորյանը:

Վերջինը կրկին պնդում է, որ դատարան են ներկայացվել բազմաթիվ հոդվածներ, գրագրություններ, որտեղ կա տեղեկատվություն, որ ինստիտուտը աշխատանքները հանձնարարել է Մ.Խաչատրյանին:

Ըստ գրքի հեղինակի, դատարանը հիմնական ապացույցները մի կողմ է դրել:

Ի դեպ, դատարանը պատասխանողի ներկայացուցիչ-փաստաբանի ծախսերի հարցը նույնպես թողել է Մ.Խաչատրյանի վրա:

«Որքանով է անմեղ այն փաստը, որ դատավորին չեն հետաքրքրել նաեւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ պարբերության դրույթները, որտեղ նշված է, որ պետական կազմակերպությունը, եթե ունի իրավաբան, ապա չի կարող դիմել փաստաբանական ծառայության: Ինչ է` դատարանը չգիտեր այդ մասին, եթե չէ` երեւի իմացավ արդեն, իսկ եթե գիտեր ու արհամարհում է օրենքի պահանջը, հետեւությունները թողնում եմ իրավասու մարմիններին»,- ասում է Մ.Խաչատրյանի ներկայացուցիչը։

Ի դեպ, առաջին ատյանի դատարանը մերժել է  նաեւ «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ-ի պահանջը։ Հրատարակչությունն իրավունք է ունեցել կասեցնելու իր պայմանագրային պարտավորության կատարումը մինչեւ ինստիտուտի կողմից դրա դիմաց վճարում ստանալը, եւ գրքի 500 օրինակ տպաքանակը հանձնել է հեղինակին։ Հեղինակն էլ գրքի 200 օրինակը հանձնել է Սփյուռքի նախարարությանը, գրքերն  ուղարկվել են հայ գաղթօջախներ։

«Հույս ունեի, որ վերաքննիչ ատյանը կստուգի վերաքննիչ բողոքում նշված փաստերը, եւ կվերանայվեն դատավոր Գ. Կարախանյանի թույլ տված առերեւույթ խախտումները: Այնինչ, վերաքննիչ դատարանի դատավոր Թումանյանը, որը նաեւ արդարադատության խորհրդի անդամ է, ու նրա գործընկերները ոչ միայն կրկնօրինակել են նախորդ ատյանի կայացրած վճռի տեքստը, այլեւ թույլ են տվել դատավարական եւ նյութական իրավունքի նոր առերեւույթ խախտումներ»,- ասում է մտավորականը:

«Ի հեճուկս ոխերիմ բարեկամներիս, «Հայաստան» հրատարակչության պատվերով կազմել եմ նաեւ Արամ Հայկազի պատմվածքների ընտրանին, որը հրատարակելուց հետո, հակառակ գիրք նվիրելու իմ ավանդական դարձած հիմարությանը, հանելու եմ վաճառքի»,- ասում է Մ.Խաչատրյանը։

Մ.Խաչատրյանը դիմելու է մարդու իրավունքների եվրոպական դատարան սեփականության իրավունքի պաշտպանության, ծառայության դիմաց արդարացի հատուցման պահանջով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031