Օլիմպիական խաղերի բացման ուղիղ հեռարձակման ժամանակ ամբողջ Հնդկաստանը զարմացած է մնացել, թե ո՞վ էր հնդկուհու արտաքինով, կարմիր կիսաբաճկոնով եւ կապույտ ջինսով աղջիկը, որ հպարտ քայլում էր դրոշակակիր Սուշիլ Կումարի կողքով:
Նրա ինքնությունը հայտնի է դարձել Հնդկաստանի ԶԼՄ-ներին: Նա Հնդկաստանի Բանգալոր քաղաքից ասպիրանտ Մադհուրա Հոնին է, որին ճանաչել են ընկերները: Իսկ ինչպե՞ս է նա հայտնվել պատվիրակության առաջին շարքում: «Այդ աղջիկը մեզ միացավ, երբ արդեն մոտենում էինք վազքուղուն: Սկզբում կարծեցինք, թե կազմկոմիտեի անդամ է: Բայց միայն վերջում հասկացանք, որ այդ աղջիկը, պարզապես, աննկատ ճեղքել է ոստիկանների պատնեշը», – պատմել է շքերթի մասնակիցներից մեկը: Հնդկաստանի պատվիրակությունը գտնում է, որ կատարվածը մասնակիցների անվտանգության ապահովման կոպիտ վրիպում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ