Սիրուշոն ներկայացրել է իր նոր հեղինակային երգը, որը նվիրված է «Երևանը Գրքի Մայրաքաղաք» տոնին: Երգչուհին իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.
«Եվ այսպես, ինչպես խոստացել էի երկրպագուներիս ներկայացնում եմ «Երևանը Գրքի Մայրաքաղաք» տոնին նվիրված երգը, որի խոսքերի հեղինակը իմ տաղանդավոր ընկեր Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ ես:
Ինչպես նաև իմն է երգի պրոդյուսինգը: Գործիքավորումը իրականացրել ենք Մուշեղ Մաիլյանի հետ, ձայնագրման ռեժիսորը Հմայակ Ռոստոմյանն է: Երգը կատարել են Ալլա Լևոնյանը, Արսեն Սաֆարյանը, Քրիստինե Պեպելյանը, Էրիկը, Լիլիթ Հովհաննիսյանը, Վլադիմիր Արզումանյանը և Հայաստանի Պետական Կամերային Երգչախումբը: Վերը նշված մարդկանցից յուրաքանչյուրի հետ աշխատելիս մեծ բավականություն եմ ստացել: Հաճելի է աշխատել իրենց գործին նվիրված և պատրաստակամ մարդկանց հետ: Ընդհամենը 3-4 օրում կատարեցինք հսկայական աշխատանք:
(P.S. Երգը երկրպագուներին ներկայացնելու համար օգտագործել ենք նյութեր, որոնք պարզապես նկարահանվել են հեռախոսով)»:
Տեսահոլովակը տեղադրված է Սիրուշոյի ֆեյսբուքի պաշտոնական էջում: Youtube-ում տեսահալովակը դիտվել է 300-ից ավել եւ նաեւ մեկնաբանվել. «Լօօօօօօօօլ. հեռախոսով նկարածա ու ինչ անորակա ֆուււււ: Նորմալ չէի՞ք կարում նկարեիք: Երգիչներն էլ չեն երեւում, մենակ Սիրուշոնա երեւում»,- գրել էր Լիլիթ անունն ունեցող օգտատերը: Մեկ այլ օգտատեր էլ պատասխանել էր նշված մեկնաբանությանը. «Լիլիթ ջան հատուկ գրած է որ հեռախոսով է նկարած այդ հրաշք երեխաների պահը, որոնք հայտնվել են այս գեղեցիկ տեսահոլովակում… Իսկ երգիչները իմ կարծիքով ինչքան որ պետքա երևում են»:
Մեկ ուրիշն էլ ցանկություն է հայտնել, որ տեսահոլովակը բովանդակալից լինի:
Արամ Արարատյան