Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տավշո մատյաններ

Հուլիս 28,2012 13:34

Այցելության էի գնացել վաղեմի ընկերոջս, ում գրասեղանին տեսա խնամքով իրար վրա շարված չորս աշխատություն։

Բնավորությանս համաձայն՝ ձեռքս առա ու սկսեցի թերթել, տեսնելով, որ չորս գրքի թեմաները ինձ հոգեհարազատ են, մոտս կանչեցի ընկերոջս եւ առաջարկեցի այդ գրքերը 10 օրով ինձ տրամադրի։ 10 օրում մեծ հաճույքով կարդացի այդ գրքերը եւ շնորհակալություն հայտնելով՝ հետ վերադարձրի տիրոջը։ Այնպես էի սիրահարվել Ռաֆայել Խալաթյանի «Իմ ժամանակը», «Անմոռաց անուններ», «Տավշո էսքիզներ» եւ «Կարոտի կանչեր» գրքերին, որ ինձ թվում էր՝ Թումանյան, Թոթովենց, Բակունց ու Նար֊Դոս եմ կարդում։

Չորս աշխատությունների թեմաներն էլ նույնն են՝ մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը, գործող անձինք հեղինակի ճանաչած մարդիկ են, իրենց հոգսերով, նիստ ու կացով եւ առօրյա հոգսերով։ Գրում է հիշարժան դեպքերի ու դեմքերի մասին, դրանք ծննդավայր Տավուշի հանդեպ հեղինակի յուրատեսակ դրսեւորումներն են, սեր, որ նրա հոգում ծլարձակել է դեռեւս մանկուց՝ նրա հիշողություններում անջնջելի հետք են թողել հայրենի գյուղի պատկերները։

Ռ. Խալաթյանը առանձնակի հետաքրքրություն է տածել գյուղի մարդկանց կենցաղի, նիստ ու կացի, առօրյայի, ժողովրդական բանահյուսության նմուշների, ազգագրական ծեսերի ու սովորությունների նկատմամբ՝ մտապահել եւ գրառել է, մոռացությունից փրկել արժեքավոր նյութեր, փոխանցել սերունդներին ու տպագրել իր աշխատություններում։

Հեղինակի ազնիվ կերպարը, ինչպես նաեւ անմնացորդ սերն ու նվիրումը հայրենիքի հանդեպ տրոփում է այս գրքերի յուրաքանչյուր էջում։ Նկարագրում է հայրենի բնաշխարհի անցյալն ու ներկան, անհուն նվիրումով դառնալով հայրենի եզերքի տարեգիրն ու աստվածային շնորհի երկրպագուն։ Մի քանի նախադասություններ՝ գրքերի տարբեր էջերից. «Նրա անդրավարտիքի առաջամասը ծվեն-ծվեն էր։ Այդ տարիներին ո՞վ ուներ ներքնաշոր, որ նա ունենար։ Անդրավարտիքը կատարում էր նաեւ ներքնաշորի դերը»…

«Է,՜ Հանե՜ս, Հանե՜ս, արա մի կով եմ կորցրել՝ պոզի մեկը կոտրած, կարող ա տեսած ըլես…»։

Գրքի զորավոր ուժի միջոցով է սերնդեսերունդ փոխանցվում ու պահպանվում ամենակարեւորը՝ մարդեգրության-մարդագրությունը, որի շնորհիվ էլ մարդը կարող է խորամուխ լինելով իմանալ իր ազգաբանությունը, ճանաչել իր նախնիների նախնիներին, որը ապրողների համար դառնում է տոհմածառ։

Տավշո ծնունդ Ռ. Խալաթյանը վեր է հանում բռնաճնշումների անմարդկային էությունը՝ գաղափարի, հավատի համար զոհվածների ու տուժածների անունները։ Հետաքրքիր է նրա մանկության, պատանեկության ու դաժան ժամանակների նկարագրությունը՝ ակնարկները, պատմվածքներն ու երգիծական պատումները:

Ս. Մ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031