Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամէն հայ երիտասարդ պէտք է վերադառնայ հայրենիք»

Հուլիս 28,2012 13:30

Համոզված է սփյուռքահայ երիտասարդը

Ավարտվեցին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում կազմակերպված սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դպրոցի դասընթացները: Զրուցեցինք առաջնորդների դպրոցի սիրիահայ մասնակիցներից Հարութ Տոնոյանի հետ, որը Երեւան էր եկել Հալեպից եւ ներկայացնում էր Համազգայինի մշակութային եւ կրթական միությունը:

«Սուրիոյ բոլոր քաղաքներուն մէջ մեր միութիւնները կը գործեն եւ ընդունուած են կառավարութեան կողմէն, մասնաւորաբար Հալէպի մէջ Համազգային միութիւնը ունի իր պարարուեստի յանձնախումբը, ունի գծագրութեան յանձնախումբ, ունի երգչախումբ, մանկապատանեկան պարախումբ՝ «Շուշի» անունով եւ երիտասարդաց պարախումբ՝ «Սարդարապատ» անունով եւ թատերական համազգային մշակութային յանձնախումբ»,- պատմում է երիտասարդը: Մեր հարցին՝ ինչ տվեց իր մասնակցությունը առաջնորդների դպրոցին, Հարութը պատասխանում է. «Կը կարծեմ, որ պէտք է ունենանք շարունակական աշխատանք, որպէսզի հասնինք աւելի շօշափելի արդիւնքներու, որովհետեւ 15 օրուան մէջ հասկցանք, թէ ինչ է առաջնորդութիւնը, որ ձեւով պէտք է ծրագիրներ մէջտեղ բերենք, որ ձեւով պէտք է մտածենք, ինչ ձեւով պէտք է խօսինք մարդոց հետ, մեր ընկերներուն հետ, մեր գործընկերներուն հետ միութեան մէջ, աշխատանքային կեանքին մէջ, բայց այս մէկը կը կարծեմ աւելի գործնական եւ շօշափելի դառնալու համար պէտք է ունենայ շարունակական աշխատանքներ»:

Իսկ լիդեր ծնվո՞ւմ են, թե՞ դառնում:

«Իմ կարծիքով առաջնորդ կը ծնին, չեն կրնար շինուիլ կամ սորվիլ եւ առաջնորդ ըլլալ: Անձ մը պէտք է իր մէջ ունենայ այդ հիմնական զգացումը եւ կարողութիւնը, որպէսզի կրնայ առաջնորդ ըլլալ: Բայց վստահ, որ այդ առաջնորդը, երբ ունենայ այդ կարողութիւնը, որոշ գիտելիքներ պէտք է զարգացնեն այդ առաջնորդի կարողութիւնները»,- համոզված է զրուցակիցս:

Հայաստանի մասին խոսելիս էլ ասում է, որ մինչ հայրենիք ոտք դնելը՝ ավագների հիշողություններով, պատմություններով եւ նկարներով են այն ճանաչում. «Կը կարծէի, որ Հայաստան պիտի գամ ու տեսնեմ միայն եկեղեցի մը, խաչ, պիտի տեսնեմ ժողովուրդ մը, որոնք արդէն տխուր կեանքով կ’ապրին, հակառակ անոր տեսայ մեր հարստութիւնները, տեսայ մեր մշակոյթը, տեսայ խաչքարերը, եկեղեցիները, որոնք հիմնական պատմութիւն կը խոստանան մեզի, մեր անցեալը կը ներկայացնեն մեզ, սակայն ատոր կողքին շատ զարգացած դպրոցներ տեսանք: Կը կարծեմ, որ հայ ժողովուրդը մեծ զարգացումի մէջ է: Ինչ որ իմ ընկերներս ինծի պատմած են, որ ինծմէ առաջ Հայաստան եղած են, այսօր ես շատ աւելի տարբեր բաներ տեսայ, անշուշտ այն որ Երեւանը գեղեցիկ է, Երեւանի գեղեցկութիւնը ոչ մէկ բան չի կրնար բացատրել: Իսկ ինծի համար կը կարծեմ, որ միայն Հայաստանն ու հայրենիքի կարօտը կրնային աչքերէս արցունք իջեցնել: Ամէնէն տխուր վայրկեանը որ ապրեցայ, երբ տեսայ, որ Արարատը շատ մօտ է, բայց սահմաններէն վերջ շատ հեռու»: Հարութը Սիրիայում համալսարան է ավարտել, ուզում է կրթությունը շարունակել եւ աշխատել Հայաստանում. «Արդէն ինքնակենսագրութիւնս տուած եմ եւ հետաքրքրուեցայ Հայաստանի համալսարաններով, որպէսզի մասգիստրոս շարունակեմ: Նպատակ կար, բայց պարզապէս միտք էր, երբ տեսայ ժողովուրդը, տեսայ ժողովուրդի մտածելակերպը եւ քաղաքի զարգացումը, կը կարծեմ, որ ամէն հայ երիտասարդ պէտք է վերադառնայ հայրենիք, որովհետեւ մայր հողի վրայ մենք աւելի զօրաւոր ենք, քան օտար հողերու վրայ»:

Նա կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է աշխատանք տանի հայ երիտասարդներին Հայաստանի հետ կապելու համար, եւ նաեւ լուրջ աշխատանք՝ Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ: Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործում Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդների դերն ու անելիքները կարեւոր են:

ՄԱՐԻԱՆՆԱ ՍԱՀՐԱԴՅԱՆ

ԵՊՀ սփյուռքագիտության

ամբիոնի մագիստրոս

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031