Լրահոս
Օրվա լրահոսը

Բալետը միայն 21-րդ դարում հասավ Վանաձոր

Հուլիս 28,2012 13:27

Ազգային օպերայի եւ բալետի թատրոնը հյուրընկալվեց Հ. Աբելյանի անվան թատրոնում

Հաճախ ենք ասում, թե մարզաբնակները քիչ կամ ընդհանրապես պատկերացում չունեն «էլիտար» արվեստների մասին, օրինակ՝ օպերային եւ բալետին: Բացառություն են վերջին տարիներին Գյումրիում ներկայացված Տիգրանյանի «Անուշն» ու Չուխաջյանի «Արշակ Երկրորդը»: Այս տարի «Անուշը» «տանը» դիտելու բախտ ունեցան կապանցիներն ու նույնիսկ Արարատի մարզի Լանջազատի (Զովաշեն) գյուղաբնակները:

Օրերս էլ Ազգային օպերային թատրոնը Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում առաջին անգամ ներկայացրեց բալետային գալա համերգ:

Նշենք, որ կոնկրետ Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի դեպքում մարզերում լուրջ խոչընդոտ է բեմական եւ նվագախմբի համար համապատասխան պայմանների բացակայությունը: Բայց, ինչպես երեւում է, մեծ ցանկության դեպքում կարելի է անել անհնարինը:

Բալետը՝ որպես ինքնուրույն արվեստ ձեւավորված լինելով 18-րդ դարում՝ Անգլիայում եւ Ավստրիայում,  քիչ ուշ՝ Ֆրանսիայում, հետո էլ՝ Ռուսաստանում, իսկ Հայաստանում՝ 1930-ականների վերջերից, փաստորեն, Վանաձոր «մուտք գործեց» 21-րդ դարում:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում շեշտեց, թե այս հյուրախաղերը մարզային ծրագրերի շրջանակներում են, որ  վանաձորցիները դիտել են ոչ թե ներկայացում, այլ բալետային գալա համերգ, մանրամասնելով. «Ծաղկաքաղ էինք արել խաղացանկային ներկայացումներից, որ տեղի հանդիսատեսը մաքսիմում կարծիք ու տպավորություն կազմեր հայկական ու համաշխարհային բալետային արվեստի մասին»: Մեր զրուցակիցը քանիցս նշեց հանդիսատեսի ջերմ վերաբերմունքի մասին: Շեշտեց նաեւ բալետի արտիստների խանդավառության մասին: «Երեկոյի ավարտին հանդիսատեսը պարզապես չէր հեռանում թատրոնից, հազար ու մի հարցեր էին ուղղում պարողներին, իսկ վանաձորցուն հատուկ հումորով էլ ասում էին՝ հաջորդ այցը տեսեք, հա, շատ չուշանա, թե չէ…»,- հայտնեց պարոն Հովհաննիսյանը:

Հավելեց նաեւ, որ Վանաձորի թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը, տեսնելով հանդիսատեսի ոգեւորությունը, իրեն առաջարկել է օպերային թատրոնի հյուրախաղերը հաճախակի դարձնելու նպատակով մարզային թատրոնի պարտերի երկու կարգերը հանել՝ նվագախմբի համար տեղ բացելու համար: «Մյուս կողմից էլ,  եթե գնանք այդ քայլին, հանդիսատեսի տեղերն են քչանում: Վանաձորի թատրոնն ընդամենն ունի 400 տեղ»,- ասաց պարոն Հովհաննիսյանը, ավելացնելով, թե Չախմախչյանի հետ առաջիկայում հանդիպելու պայմանավորվածություն ունեն՝ այդ հարցը ավելի մանրամասն քննարկելու նպատակով: Կամո Հովհաննիսյանը նշեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի վերաբերմունքի մասին. «Մեր արտիստները, որ հյուրախաղերով քանիցս  հանդես են եկել  արտերկրում, ասում են, թե «դրսում» ընդունված է ներկայացումից հետո ընդունելություն կազմակերպելը, ինչը ոգեւորող է ու հաճելի: Վանաձորյան համերգից հետո մարզպե՛տն է ընդունելություն կազմակերպել»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031