Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնվել են բռնագաղթվելուց հետո

Հուլիս 28,2012 13:22

Կառլեն եւ Կարեն Հակոբյանները ծնվել են Հայաստանում՝ մինչեւ իրենց ծնողների Ադրբեջանից բռնագաղթվելը: «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ում գտնվող ընտանիքի անկետայում չկա նշում նրանց Ադրբեջանից դուրս գալու ժամկետների վերաբերյալ:

Կառլեն եւ Կարեն Հակոբյանների ընտանիքն Ադրբեջանից բռնագաղթվել է Հայաստան եւ փախստականների հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնում հաշվառվել է որպես փախստական: Այդպես է հիմնավորել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը (այսուհետ՝ ՄՊԾ) իր որոշումները եւ եղբայրներին զրկել փախստականի կարգավիճակից՝ թողնելով նրանց առանց որեւէ կարգավիճակ: Փախստականի կարգավիճակ եզրույթը Հայաստանում սկսվեց գործածվել 1988 թվականից՝ սումգայիթյան հայտնի դեպքերից հետո, իսկ առաջացող իրավահարաբերությունները կարգավորող օրենքն ընդունվեց 1999 թվականին: Հետեւաբար, այն լինելով բավական նեղ ոլորտ եւ առօրյայում գրեթե սովորական քաղաքացիների կողմից չգործածվող օրենք, ովքեր իրավաբան չեն, կարող է մեր ընթերցողի համար անհասկանալի թվալ այդ հարցի կարեւորությունը: Նախ՝ փախստականի կարգավիճակն անձի իրավաբանորեն ձեւակերպում ստացած վիճակն է, ինչպես, օրինակ, երբ ասում ենք՝ անձն ինչ-որ երկրի քաղաքացի է, այսինքն՝ անձն ունենալով որեւէ կարգավիճակ, պաշտպանվում է այդ կարգավիճակը տվող պետության կողմից, սակայն, տղաների դեպքում, ՄՊԾ-ն անհիմն զրկել է կարգավիճակից եւ թողել առանց կարգավիճակի, հիմնավորելով, որ նրանք ծնվել են Հայաստանում, իսկ ծնողների բռնագաղթվելը հիմք չէ նրանց փախստական ճանաչելու համար: Նրանց մայրը՝ Անահիտ Առաքելյանը, Ադրբեջանում ստեղծված վիճակի պատճառով 1988 թվականի հունիսի 28-ին երեխա ունենալու նպատակով Բաքու քաղաքից եկել է Հայաստան եւ Կարեն Հակոբյանի ծնունդից հետո, հուլիսի 15-ին վերադարձել է Բաքու: Այնուհետեւ, 1989 թվականի սեպտեմբերի 5-ին նորից է եկել Հայաստան երեխա ունենալու նպատակով եւ Կառլենի ծնունդից հետո, սեպտեմբերի 25-ին վերադարձել է Բաքու: 1990 թվականի հունվարին բռնագաղթվել են Հայաստան, դիմել են պետական լիազոր մարմին՝ ապաստան ստանալու խնդրանքով եւ հաշվառվել: Նրանց ընտանիքի համար սահմանված կարգով լրացվել է «Հաշվառման թերթիկ», որն, ի դեպ, լրացվում է, երբ փախստականներն առաջին անգամ մուտք են գործում ապաստան տվող երկրի տարածք, 1996 թվականին «Փախստականի ընտանիքի վկայական», որի վերաբերյալ էլ նշել է որոշման մեջ: Նշված փաստաթղթերը պահպանվում են ՄՊԾ «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ի արխիվում:

Որոշման համաձայն՝ 26. 02. 2011թվականին, որն, ի դեպ, շաբաթ օր է եղել, ՄՊԾ-ն հարուցել է վարչական վարույթ եւ տղաների փախստականի ճանաչումը դադարեցրել է: Հետաքրքրական է, ՄՊԾ-ն նշել է, որ Կարեն եւ Կառլեն Հակոբյանները ծնվել են Հայաստանում՝ մինչեւ ծնողների Ադրբեջանից բռնագաղթվելը: Այսինքն՝ այն, որ Կարենը եւ Կառլենը ծնվել են մինչեւ բռնագաղթվելը, ոչ թե բռնագաղթվելուց հետո, ասել է, թե նրանք էլ են բռնագաղթվել, ընդունել եւ իրենց որոշման մեջ նշել են Միգրացիոն պետական ծառայությունը, սակայն այդուհետեւ, չգիտես ինչու, որոշել են, որ 1990 թվականից սկսած՝ նրանք խախտել են իրենց իսկ կողմից որոշման մեջ հղում կատարած օրենքները եւ միայն երկու տասնյակ տարի անց գտնելով, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, հարուցել են վարչական վարույթ, որը կատարվել է օրենքի խախտմամբ, դադարեցրել են Կարենի եւ Կառլենի փախստականի կարգավիճակը: Այդ իրավահարաբերությունները կարգավորող ընդունված ինչպես առաջին, սակայն այժմ չգործող «Փախստականների մասին» ՀՀ օրենքը, այդպես էլ գործող «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում են, թե ովքեր են համարվում փախստականներ ՀՀ-ում: Սակայն ՄՊԾ-ն հղում է կատարել ուժը կորցրած «Փախստականների մասին» ՀՀ օրենքի հոդվածներին եւ գտել, որ տվյալ օրենքը, որի ստեղծման գործում իրենք մեծ ներդրում են ունեցել, սահմանում է, որ ՀՀ-ում ծնված անձինք չեն կարող փախստական ճանաչվել ՀՀ-ում: Հետաքրքիր է, թե որ հոդվածն է փախստականի կարգավիճակը որոշելու համար սահմանում պայման, որ անձը պետք է ծնված լինի այն պետության տարածքում, որտեղից բռնագաղթվում է: Ոչ «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքը, ոչ էլ փախստականների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան փախստականի կարգավիճակը որոշելու համար չեն սահմանում անձի ծննդյան վայրը, քանի որ փախստական է համարվում այն անձը, ով բռնագաղթվել է մշտական բնակության երկրից, ոչ թե այն անձը, ով ծնվել է այն երկրի տարածքում, որը բռնի տեղահանվել կամ հետապնդել է մարդկանց: Թեեւ Կառլենի եւ Կարենի վերաբերյալ որոշումների բողոքարկումն այժմ գտնվում է վարչական դատարանի վարույթում, այսինքն՝ չկա վերջնական դատական ակտ նրանց կարգավիճակը դադարեցնելու վերաբերյալ, սակայն ՄՊԾ-ի ղեկավարը եղբայրների տվյալներն ուղարկել է ՀՀ պաշտպանության նախարարին, հայտնելով, որ նրանք այլեւս փախստական չեն, սակայն չի նշել, որ նրանք ՀՀ քաղաքացի էլ չեն: Հետեւանքը եղել է այն, որ ՊՆ-ից գրություն է ուղարկվել Արաբկիրի զինկոմիսարիատ՝ տղաներին զինապարտ ճանաչելու եւ ՀՀ բանակ զորակոչելու համար: Վերջինս էլ գրություն է ուղարկել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետին՝ տղաների վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար, որպես «բանակից փախածներ»: Ճիշտ է, հետագայում ապացուցելով, որ տղաները ՀՀ քաղաքացի չեն եւ չեն կարող առանց իրենց կամքի զորակոչվել ՀՀ բանակ, քրեական գործի վարույթը կարճվում է, սակայն կարելի է պատկերացնել, թե ինչի միջով է ստիպված եղել անցնել արդեն իսկ ադրբեջանական վայրագությունները տեսած ընտանիքը, եւ այդ ամենն այն բանի պատճառով, որ ՄՊԾ-ի անկետայում ինչ-որ մեկն ինչ-որ պատճառով տղաների բռնագաղթվելու օրը չի նշել: Թեեւ ՄՊԾ-ն պնդում է, որ տղաները չեն ուզում ՀՀ քաղաքացի դառնալ, որ բանակ չգնան, սակայն այդ ընտանիքի մասին սխալ պատկերացում չունենալու համար հարկ է նշել, որ տղաների հայրը զոհվել է Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանելիս, եւ այդ ընտանիքում հայրենասիրության պակաս չկա: Յուրաքանչյուր դեպքում պետությունը չպետք է խախտի մարդու իրավունքը, նույնիսկ պետության շահերից ելնելով:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031