Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցիներին վերապատրաստում են, որ դրսից մարդ չբերեն

Հուլիս 28,2012 13:12

«2006-2010 թվականներին ոչ միայն շահույթ չենք ունեցել, այլեւ 22.6 մլն դոլարի վնաս ենք կրել: Հանքը գնելուց մինչ օրս 151 միլիոն դոլարի ներդրում ենք արել ընկերությունում, բայց այս 6 տարվա ընթացքում ներդրած 151 մլն դոլարի դիմաց ցուցաբերել ենք 13 միլիոն դոլար շահ՝ չհաշված վնասը: Ծրագիր ունենք ամսական 50 հազար տոննա հանքաքար արտադրելու, որի դեպքում կունենանք 15-20 մլն դոլար շահ: Մենք ջանք ու եռանդ չենք խնայում այդ արդյունքներն ապահովելու համար, եւ արդեն իսկ առաջխաղացումը նկատելի է»,- ներկայացնելով իրենց գործունեությունը՝ երեկ այս մասին լրագրողների ու Կապանում գործող հ/կ ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտնեց «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության վարչական գծով տնօրեն Հրաչ Ջաբրայանը:

Ընկերության նորաբաց տեղեկատվական կենտրոնում պարոն Ջաբրայանը ներկայացրեց կատարած աշխատանքը եւ առաջիկա ծրագրերը: Դրանց մի մասն ուղղված է ընկերության աշխատանքները թափանցիկ դարձնելուն, տեղացի երիտասարդ կադրերին վերապատրաստելուն, արտերկրում դասընթացների մասնակցություն ապահովելուն ու միջազգային փորձ ձեռք բերելուն: Ընկերության ղեկավարության նպատակն է, որ ապագայում ընկերությունում պաշտոններ զբաղեցնեն տեղացի հայ երիտասարդները, որպեսզի արտերկրից մարդ բերելու անհրաժեշտություն չառաջանա:

«Նպատակ ունենք կապանցի հայ սերնդին թափ տալու, որ ընկերության բարձրաստիճան պաշտոնները ստանձնեն մեր տեղացի հայերը՝ այստեղ մեծացած, միջավայրին ու խնդիրներին ծանոթ մարդիկ: Առաջիկա 2-4 տարիների ընթացքում ընկերությունը պետք է հասցնենք միջազգային մակարդակի: Վերապատրաստման դասընթացների համար մի քանի հարյուր հազար դոլար գումար ենք ներդրել, որի շնորհիվ վերապատրաստված կադրերը կկարողանան իրենց փորձով աշխատել նաեւ արտասահմանում»,- ասաց պարոն Ջաբրայանը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ ընկերության կողմից Կապանում իրականացված սոցիալական ծրագրերի ներդրումներին, աշխատողների աշխատավարձերին, բաց հանքի հնարավոր շահագործմանն ուղղված հետախուզական աշխատանքներին եւ այլն: Ընկերության պատասխանատուների խոսքերով՝ կոմբինատի աշխատողների աշխատավարձը տարեկան կազմում է $10 միլիոն:

«Անցած տարվա մեր ունեցած 13 մլն դոլար շահույթից 1 մլն դոլար 398 միլիոն դրամ տվեցինք աշխատավարձերի հավելման, 550 հազար դոլար՝ սոցիալական ծրագրերի համար Կապանում, 557 հազար դոլար բոնուսներ տվեցինք մեր աշխատողներին եւ այլն: Հուսով ենք, որ երկրորդ կիսամյակն ավելի շահավետ կլինի մեզ համար, եւ կկարողանանք նմանատիպ պարգեւներ տալ մեր աշխատողներին նաեւ այս տարի»,- նշեց ընկերության վարչական գծով տնօրենը:

Բաց հանքի վերաբերյալ կատարվող հետախուզական աշխատանքներին կանդրադառնանք առաջիկա հրապարակումներում:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031