Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կեղծարար տաքսիներին ու կեղծ ոսկի վաճառողներին «ներում-բեկում» չի լինի

Հուլիս 28,2012 13:11

Շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության տեսչությունը ստուգումներ է սկսել

Այսօր Հայաստանում գործող հազարավոր տաքսի- «սերվիսներից» ընդամենը 3-ն են ուղեւորներին բարեխիղճ ծառայություն մատուցում, քանի որ լիցենզիա ստացած մոտ 3000 տաքսի-ծառայություններից հենց այդ 3-ն են Չափագիտության ազգային ինստիտուտում իրենց հաշվիչները ստուգաչափման ենթարկել: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանը: Նրա ներկայացմամբ՝ ամեն օր իրենց թեժ գծով բողոքներ են ստանում տարբեր տաքսի-ծառայություններից եւ ամենօրյա մոնիտորինգ են անցկացնում:

Տաքսիների հաշվիչի խախտումն անգամ անզեն աչքով է տեսանելի. 500-600 դրամ սահմանած նվազագույն գումարը, որը պետք է գործի 6 կիլոմետրի դեպքում, հաշվիչներն իրենց ցուցմունքները միանգամից փոխում են, եւ գրանցում է 7 կիլոմետրին համարժեք գումար: Մյուս տարածված խախտումներից էլ, որը տաքսիներից օգտվողը նկատած կլինի, հետեւյալն է. տարբեր մեքենաների հաշվիչը նույն կիլոմետր տարածության համար մոտ 300 դրամ ավելի կամ պակաս է ցույց տալիս: Ուղեւորների դժգոհություններին ի պատասխան՝ վարորդներն արդարանում են՝ «Մենք կապ չունենք, սերվիսի տերերն են անում»: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց տեսչության պետը, տաքսի-ծառայությունները գործունեության լիցենզիա ստանալուց հետո պետք է հաշվիչներն ինքնակամ ներկայացնեն ստուգաչափման, ինչը փաստորեն 2000-ից ավելի ծառայություններ չեն կատարել: Սա մեկ բացատրություն ունի. եթե ստուգաչափվեն, ուրեմն ձախ եկամուտներ չեն ունենա: Իսկ թե ինչո՞ւ օրենքը խախտած ծառայությունները պատասխանատվության չեն ենթարկվում, պարոն Խալիկյանն աաց. «Տեսչությունն ընդամենը 41 աշխատակից ունի, եւ բազմապրոֆիլ մոնիտորինգներ ենք կատարում, ուստի հանրապետության ողջ տարածքում գործող 3000 տաքսի-ծառայություններին կարճ ժամանակում ուսումնասիրել ու խախտումները հայտնաբերելը բարդ եւ ժամանակի հետ կապված խնդիր է»: Ըստ տեսչության պետի՝ 1 տարվա ընթացքում մոտ 300 տաքսի-ծառայություններ են հասցրել ուսումնասիրել. «Ներկայումս մենք տուգանքներ ենք նշանակում այն սերվիսներին, որոնց հաշվիչները ստուգաչափված չեն, եւ եթե պարզվի որ տուգանվելուց հետո էլ հաշվիչները չեն ստուգվել, նրանց գործունեությունը կկասեցվի»: Տուգանքի ծավալն էլ, ըստ տեսչության պետի, 100-ից 300 հազար դրամ է:

Տաքսի-ծառայություններից ոչ պակաս կեղծարարություններ են տեղի ունենում ոսկու մանրածախ շուկայում. եթե տաքսիների պարագայում սպառողը 300-500 դրամի վնաս է կրում, ապա ոսկի գնելու կամ վաճառելու դեպքում՝ մի քանի հազար դրամ: Ոսկի գնելիս սպառողն անգամ վստահ էլ չէ, թե իր գնած ասենք՝ 5 գրամ ոսկու քանի տոկոսն է իրականում թանկարժեք մետաղ կամ բարձր որակի: «Առավոտը» պարբերաբար դժգոհություններ է ստանում, որ ոսկի գնելիս վճարում են բարձր հարգի համար՝ վստահելով հարգադրոշմին, սակայն երբ օրերից մի օր գնված ոսկին որոշում են վաճառել, պարզվում է՝ ցածր հարգի ոսկի է: Այս կեղծարարությունների արդյունքում անգամ Կենտրոնական բանկը հաճախորդներից, այսպես ասած՝ սպիտակ ոսկի չի ընդունում, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ ոսկյա զարդի վերին շերտը բարձր որակի է լինում, իսկ մեջտեղը՝ ցածր:

Հաշվի առնելով, որ այս ոլորտն էլ շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության տեսչության ուսումնասիրության տակ է, պարոն Խալիկյանին փոխանցեցինք սպառողների դժգոհություններն ու հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է ուսումնասիրությունը, եւ արդյոք որեւէ խախտում հայտնաբերվե՞լ է: «Ստեղծվել է բավականին լրակազմ լաբորատորիա, որը թույլ է տալիս որոշելու ոսկու հարգն ու հարգադրոշմումը: Արդեն կարող ենք տեղում մի քանի ժամվա մեջ տալ բոլոր տիպի անալիզների պատասխանները: Մեր տեսչության կառուցվածքային փոփոխությունից հետո մոնիտորինգի բաժին է ստեղծվում, նոր մասնագետներ ենք ներգրավում, որը պետք է զբաղվի ոսկու շուկայի ուսումնասիրությամբ: Առաջիկայում կսկսվեն մանրակրկիտ ստուգումները, շուկան ամբողջությամբ վերահսկվելու է»: Պարոն Խալիկյանի ներկայացմամբ՝ խախտողները «ներում-բեկում» չեն ունենա, տեղում վարչական տուգանքի կենթարկվեն:

Վերջերս էլ ավարտված գազա եւ բենզալցակայաններում կատարված մոնիտորինգի արդյունքներն են ամփոփվել, եւ մի շարք կազմակերպություններ լուրջ տուգանքների են ենթարկվել տարբեր խախտումների համար: Օրինակ՝ գազալցակայանները, կառավարության որոշմամբ, պարտավոր են բաշխիչ աշտարակներ տեղադրել, որպեսզի չափանիշներով նախատեսված ծավալից ավելի կամ պակաս չլիցքավորվի: Տեսչության մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ մարզերում գործող միջին գազալցակայաններն ավելի բարեխիղճ են եւ «խելոք-խելոք» ենթարկվել են օրենքի պահանջներին ու աշտարակները տեղադրել: Ըստ մոնիտորինգի արդյունքների, օրինակ՝ հանրապետության խոշոր գազալցակայաններից մեկը, որը պատկանում է «Մուլտի գրուպին», առայժմ ոչ բաշխիչ աշտարակներ է տեղադրել, ոչ էլ տեղադրելու ընթացքում է: Ըստ պարոն Խալիկյանի՝ այս մոնիտորինգները 24-ժամյա աշխատանքներ են, եւ իրենք պարբերաբար ուսումնասիրում են, նրանք, ովքեր դեռեւս խախտումները չեն շտկել՝ կնախազգուշացվեն, արդյունք չտալու դեպքում՝ կտուգանվեն:

Տեսչությունն իրականում շատ երիտասարդ է, եւ ինչպես Լեւոն Խալիկյանն ասաց՝ շատ կարճ ժամանակահատվածում բավականին մեծ աշխատանքներ են կատարել. «Կասեցրել ենք ներմուծված կանացի հիգիենայի պարագաների եւ մանկական տաքդիրների վաճառքը, քանի որ չափանիշներին չէին համապատասխանում: Նախկինում տեսչությունը պետբյուջե տարեկան մոտ 7 միլիոն դրամ էր «մտցնում», իսկ այս մոնիտորինգների արդյունքում՝ մոտ 30 միլիոն դրամ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031