Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց գան մարդիկ, երբ հայրենիքը գրկաբաց չի ընդունում»

Հուլիս 28,2012 13:04

Լյուդմիլա Սարգսյանն ամաչում է, որ սիրիահայությունը հավատը կորցրել է հայրենիքի նկատմամբ

Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումները, սիրիահայերի հետագա ճակատագիրը հայաստանյան քաղաքական դաշտում հերթական քննարկումների եւ փոխադարձ մեղադրանքների առիթ դարձան: ՀՀ իշխանություններին ուղղված հերթական «մեղադրական» հայտարարությունը տարածեց ընդդիմադիր ՀԱԿ-ը, նմանատիպ տարբեր նախաձեռնություններով հանդես եկան տարբեր հասարակական-քաղաքական նախաձեռնություններ: Մեկ այլ ընդդիմադիր ուժ՝ ՀՅԴ-ն, այս հարցում իշխանությունների կրավորական կեցվածքը, կարծես, ճիշտ է համարում: Երեկ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ տարբեր տեսակի ճնշումների արդյունքում հաջողվեց հասնել նրան, որ իշխանությունները՝ թեկուզ «ուշացած, կիսատ-պռատ», բայց արձագանքեն այդ խնդրին: Այս առիթով տիկին Սարգսյանի դիտարկումները առավել մանրամասն: Ընդհանուր առմամբ, նա սիրիահայության նկատմամբ նման մոտեցումը ոչ այլ ինչ, քան «դավաճանություն» է որակում. «Շուրջ 1,5 տարի տեւող պատերազմը վաղուց պետք է հուշեր մեր իշխանություններին, որ սիրիահայությունը ի վերջո կանգնելու է նման խնդրի առջեւ, եւ պետք էր այդ ընթացքում համալիր ծրագիր մշակել՝ թե ի՞նչ կարգի աջակցություն կարող ենք ցուցաբերել՝ իբրեւ մայր-հայրենիք: Թուրքական յաթաղանից մազապուրծ եղած մեր ժողովրդի մի մեծագույն հատված կարողացավ ապաստան գտնել սիրիական հյուրընկալ հողում, ամեն ինչ արվեց, որ հայերը կարողանան հաստատվել եւ իրենց լիարժեք քաղաքացի զգալ: Իմ համոզմամբ՝ ՀՀ իշխանությունների այսօրվա կատարած քայլերը շատ փոքր են եւ չեն արտահայտում հայ ժողովրդի զգայական մոտեցումը դեպի Սիրիան, սիրիահայությունը, Սիրիայի ժողովուրդը: Կարդում եմ սիրիահայերի հայտարարությունը եւ ամաչում եմ, որ իբրեւ պետություն ՀՀ-ն այն մակարդակին է, որ սիրիահայությունը հավատը կորցրել է մեր պետության, հայրենիքի նկատմամբ»: Մեր զրուցակիցը փաստում է, որ բազմաթիվ ճնշումներից հետո անգամ «Արմավիան» ընդառաջ գնաց՝ երկրորդ չվերթը բացելու իր ցանկությամբ, մինչդեռ ՀՀ սփյուռքի նախարարությունը, կառավարությունը դեռ հապաղում են: «Ասում են՝ «արի տուն»: Ո՞նց գան մարդիկ, երբ հայրենիքը գրկաբաց չի ընդունում»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ եթե պետությունն ու կառավարությունը ի վիճակի չէին ներգաղթողների սոցիալական հոգսերը հոգալ, դարձյալ խնդիր չէ, դա կանեին այստեղ բնակվող նրանց ազգականները, ՀՀ քաղաքացիները: «Սիրիահայությունը 1,5 տարի պահպանել է չեզոքություն, եւ ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ  եթե գրոհայինները Սիրիայում կարողանում են իշխանություն վերցնել, ապա այդ չեզոքությունը հայ համայնքին միգուցե չներվի: Սա չի նշանակում՝ քայքայել սիրիահայ համայնքը, որը Արեւելքում մեր պետության կողմից վարվող քաղաքականության մեջ լրջագույն դերակատարում ունի, բայց մարդն ինքն է որոշում՝ որ երկրում ապրել եւ աշխատել: Այս պայմաններում երբ Հայաստանը դատարկվում է, իշխանությունն ամեն ինչ պետք է աներ, որ սիրիահայը ոչ թե Լիբանան կամ ԱՄՆ մեկնի, այլ գա Մայր հայրենիք»,- ասում է Լյուդմիլա Սարգսյանը:

Տեսակետ կա, որ այս հարցում ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը պայմանավորված է ՌԴ-ի ազդեցությամբ, մինչդեռ ՍԴՀԿ-ն միշտ կողմ է հանդես եկել հայ-ռուսական հարաբերություններն՝ «Առավոտի» դիտարկմանը Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Վստահաբար ասել, որ ՌԴ-ի ազդեցությամբ է դա պայմանավորված՝ չեմ կարող ասել, բայց մենք նախեւառաջ ազգային կուսակցություն ենք եւ մեր պետության ու ազգի շահով ենք առաջնորդվում: Մենք ցանկանում ենք լինել այնպիսի պետություն, որը զերծ կլինի որեւէ կողմնակի ազդեցությունից»:

«Առավոտը» հետաքրքրվեց նաեւ՝ ինչպե՞ս է վերաբերվում տիկին Սարգսյանը ՀՅԴ-ի այն դիրքորոշմանը, որ սիրիահայ համայնքը պետք է մնա Սիրիայում, եւ այս համատեքստում ինչպե՞ս է պատկերացնում խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետագա համագործակցությունը՝ նկատի ունենալով նաեւ «Հարսնաքարի» առիթով ձախողումը: Պատասխանը եղավ. «Կա հարցերի շրջանակ, որոնց շուրջ կարողանում ենք պայմանավորվել: Երբեմն առանձին մոտեցումներ են դրսեւորվում, բայց սա մի նոր գործընթաց է, որը փորձում ենք իրողություն դարձնել: Հետեւաբար՝ չեմ փորձելու որեւէ մեկին քննադատել եւ վնասել այդ գործընթացը: Առաջիկայում ավելի պարզ կդառնա՝ ի՞նչ շրջանակներում կարող ենք համագործակցել»: ՀՅԴ-ի դիրքորոշման մասով էլ ասաց. «Ես էլ կարծում եմ, որ եթե Սիրիան ապահով երկիր դառնա, իրավիճակը կարգավորվի՝ մեր հայրենակիցները շարունակեն այնտեղ ապրել, որովհետեւ այդ երկիրը իրենց համար շատ բան է արել: Բայց դա մեր որոշելիքը չէ: Եթե սիրիահայերն այնտեղ իրենց ապահով չեն զգում եւ ցանկանում են Հայաստանում հաստատվել՝ այդ հնարավորությունը պետք է ունենան»:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում հալեպահայ, ՍԴՀԿ (պերկուպերկյանական- Ն. Գ.) վարիչ մարմնի անդամ Վազգեն Մեսրոպյանն էլ նկատեց, որ դեռ մինչեւ վերջին զարգացումները սիրիահայերը սահմանում մուտքի վիզա ստանալու արգելք ունեին, մինչդեռ ՀՀ սփյուռքի նախարարության եւ Հրանուշ Հակոբյանի ջանքերով խնդիրը լուծվեց. «Դա շատ լավ առաջընթաց էր կառավարության կողմից, ինչի համար շնորհակալ ենք: Հիմա որոշում են ընդունել, որ բոլորը երկքաղաքացիություն ստանան իրենց երկրներից. դա էլ է լավ: Միայն մեկ բան. լավ կլինի, որ սիրիահայերի պարագայում, այս փուլում գոնե, Հայաստան եկողների վիզայի ժամկետը երկարացնեն կամ տուրքերը չհաշվեն»: Մեր զրուցակիցը համամիտ չէ այն քաղաքական ուժերի հետ, որոնք մեղադրում են ՀՀ իշխանություններին սիրիահայերի նկատմամբ կրավորական կեցվածքի համար. «Օրինակ՝ ի՞նչ անի պետությունը: Մարդիկ փախչում-գալիս են, բայց Հայաստանի վիճակն էլ այնքան կայուն չէ, որ, ասենք, պետությունն օգնի: Ինչո՞վ օգտակար լինի, բնակարաններ տա՞ն, դա էլ չի կարելի: Եթե Հայաստանի կառավարությունը հնարավորություն ունենար՝ ուրիշ, բայց հիմա միայն փաստաթղթային հարցերով օգնելն էլ լավ կլինի»: Զրույցի այլ մանրամասները

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ  

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031