Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա կազմակերպված քաղաքական հալածանք է»

Հուլիս 28,2012 12:54

Հմայակ Հովհաննիսյանը պնդում է, որ Սյունիքի մարզպետի հովանավորյալը քաղաքագետների միությունն ուզում է սնանկացնել:

ԱԺ ընտրությունների ընթացքում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի համագյուղացի Սենիկ Ջուլհակյանը Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ մեկ քաղաքացիական եւ մեկ քրեական հայց էր ներկայացրել: Քաղաքացիական «գործով» Ջուլհակյանը Հմայակ Հովհաննիսյանից իրեն վիրավորելու ու խարդախություններով զբաղվելու մեջ մեղադրելու համար պահանջում է երկու միլիոն դրամ՝ գումարած մեկական միլիոն՝ փաստաբանական ծառայության համար:

Քրեական հայցով էլ Ջուլհակյանը պնդում է, որ Հովհաննիսյանը միջին ծանրության վնասվածք է պատճառել, ինչը Հովհաննիսյանը կատեգորիկ ժխտում է. «Ապրիլի 11-ի առավոտյան քայլում էի դեպի գրասենյակ, գրասենյակի դիմաց տեսա մարդկանց խումբ՝ Սենիկ Ջուլհակյանի հետ միասին, ասացի՝ շառից-փորձանքից հեռու, մտա մուտք, որ հետեւի մասից մտնեմ գրասենյակ, ինքը վազելով եկավ՝ կամերայով, դիկտոֆոնով ու ասաց՝ ինչո՞ւ եք փախչում, ժողովուրդը ձեզ է սպասում: Գնացի, մի խումբ կանայք էին հավաքվել ու աղմկում էին, խոչընդոտում իմ մուտքը գրասենյակ: Կանանց ասացի, որ դուք կատարում եք ապօրինություն, դրանով խոչընդոտում եք ազատ քարոզարշավ վարելու իմ՝ պատգամավորի թեկնածուի իրավունքը, եւ դա հանցագործություն է, եւ դուք նմանվում եք Լֆիկ Սամոյի այն հայտնի կանանց, որոնք խոչընդոտում էին մեկ այլ պատգամավորի թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը: Այս կանայք՝ թվով 6-ը, դիմել են քաղաքացիական հայցով դատարան, ու առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 9-ին: Պահանջում են 2 միլիոն դրամ փոխհատուցում՝ վիրավորանքի համար: Բայց դա որակում է, չեմ գտնում, որ վիրավորանք է: Սենիկ Ջուլհակյանն էլ այդ օրը կանգնել էր իմ եւ դռան միջեւ ու թույլ չէր տալիս, որ ներս մտնեմ, խոչընդոտում ու դիմադրում էր: Ես էլ ուժ գործադրեցի, Սենիկը ստիպված եղավ նահանջել, մտա գրասենյակ… Սենիկը դա ներկայացրեց իբրեւ բռնություն իր դեմ ու քրեական հայց է ներկայացրել՝ իբր թե ես նրան հարվածել եմ, ինքը վայր է ընկել ու ստացել միջին ծանրության մարմնական վնասվածքներ»:

Հիշեցնենք, որ Ջուլհակյանի ու Հովհաննիսյանի միջեւ խնդիրը ծագել է, երբ Ջուլհակյանը պահանջել է Հովհաննիսյանից ազատել «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերության շենքի ներքեւի հարկում տեղակայված՝ Հմայակին պատկանող Քաղաքագետների միության գրասենյակը՝ պնդելով, որ այն ընկերությանն է պատկանում: Պարոն Ջուլհակյանի ներկայացրած քաղաքացիական հայցով նախնական նիստը օրեր առաջ է տեղի ունեցել: Պարոն Հովհաննիսյանի խոսքերով՝ ինքը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ հաշվի առնել, որ իր նկատմամբ քրեական գործ կա հարուցված, իսկ նման դեպքերում քաղաքացիական հայցերով դատավարությունը կասեցվում է: Գործով հաջորդ դատավարությունը այս ամսվա 31-ին է նշանակված: Պարոն Հովհաննիսյանը համոզված է՝ Սյունիքի մարզպետի հովանավորյալ Ջուլհակյանը քաղաքագետների միությունը սնանկացնելու ցանկություն ունի. «Սա կազմակերպված քաղաքական հալածանք է, որի նպատակն է սնանկացնել քաղաքագետների միությունը: Ինքը՝ Սենիկ Ջուլհակյանը, հայտարարում է, որ Սուրիկ Խաչատրյանն իր ընկերն է, այսինքն՝ փորձ արվեց ինձ զրպարտելով ներկայացնել որպե խուլիգանի ու մարդ ծեծողի… ես փաստերով եմ խոսում»:

ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031