Եվ ասաց. «Մի մարդ երկու որդի ունէր. նրանցից կրտսերը հօրն ասաց. հա՛յր, տո՛ւր քո ունեցուածքից ինձ ընկնող բաժինը։ Եւ նա ունեցուածքը բաժանեց նրանց։ Քիչ օրեր յետոյ, կրտսեր որդին, փողի վերածելով ամէն ինչ, գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցուածքը, որովհետեւ անառակ կեանքով էր ապրում։ Եվ երբ ամէն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղաւ, եւ նա սկսեց չքաւոր դառնալ։ Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մէկին, եւ սա ուղարկեց նրան իր ագարակը՝ խոզեր արածեցնելու։ Եվ նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս։ Ապա խելքի եկաւ եւ ասաց, քանի՜ վարձկաններ կան իմ հօր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ գնամ իմ հօր մօտ եւ նրան ասեմ, հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քո առաջ եւ այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու, ինձ վերցրո՛ւ իբրեւ քո վարձկաններից մէկը։ Եւ վեր կացաւ եկաւ իր հօր մօտ. եւ մինչ դեռ հեռու էր, հայրը տեսաւ նրան եւ գթաց. վեր կացաւ եւ վազեց նրան ընդառաջ, ընկաւ նրա պարանոցով եւ համբուրեց նրան։ Եվ որդին ասաց նրան, հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու։ Հայրը իր ծառաներին ասաց. անմիջապէս հանեցէ՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրէ՛ք նրան, մատանին նրա ձեռքը տուէք եւ նրա ոտքերին՝ կօշիկներ. բերէ՛ք պարարտ եզը, մորթեցէ՛ք, ուտենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց. եւ սկսեցին ուրախանալ։ Իսկ նրա աւագ որդին ագարակում էր. եւ մինչ գալիս էր եւ տանը մօտեցաւ, լսեց երգերի եւ պարերի ձայնը, եւ իր մօտ կանչելով ծառաներից մէկին՝ հարցրեց, թէ այդ ի՞նչ է։ Եվ սա նրան ասաց, քո եղբայրը եկել է, եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ առողջ ընդունեց նրան։ Նա բարկացաւ եւ չէր ուզում ներս մտնել, իսկ հայրը դուրս ելնելով՝ աղաչում էր նրան։ Որդին պատասխանեց եւ ասաց հօրը. այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ եւ երբեք քո հրամանները զանց չեմ արել, ինձ երբեք մի ուլ չտուիր, որ բարեկամներիս հետ ուրախութիւն անէի։ Երբ եկաւ քո այդ որդին, որը քո ունեցուածքը կերաւ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր։ Հայրը նրան ասաց, որդեա՛կ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամէն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պէտք էր ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց»։
Ղուկաս, ԺԵ