Լրահոս
Օրվա լրահոսը

Հայացք շինհրապարակներին` «Փոքր Կենտրոնից»

Հուլիս 28,2012 09:28

Ամառային այս շրջանում Երեւանի կենտրոնում կատարած փոքրիկ շրջայցը երեւանյան անավարտ շինությունների, կիսակառույցների, կենտրոնի կարեւորագույն հանգույց հանդիսացող տարածքները նպատակային չօգտագործելու ակնհայտ պատկեր է ցուցանում:

Չափազանց մեծ շռայլություն է այսօր Երեւանի համար նախկին «Սեւան» հյուրանոցի հանգույն կարեւորագույն հանգույցը տարիներ ու տասնամյակներ շարունակ բաց վերքի նման թողնելը: Այն անընդհատ հիշեցնում է դեռ 2004-ի սեպտեմբերին ափալ-թափալ քանդելու եւ անհասկանալի պատճառներով տեղում ոչինչ չկառուցելու մասին:

Այս նույն հատվածում, մի քիչ այն կողմ ԿԳ նախարարության երբեմնի շենքն է` գողտրիկ մի կառույց, որի կիսաքանդ տեսքը վկայում է միայն անցած գրավչության մասին: Իսկ թե շենքի երկրորդ կյանքն ինչպիսին է լինելու, անհայտ է. կառուցապատողը ասես մոռացել է շենքի մասին: Ի դեպ, այս գործարքն իրավամբ համարվում է ամենաանհաջողներից մեկը:

Քիչ այն կողմ, նախկին արդարադատության նախարարության այրված շենքի հատվածն արդեն շինհրապարակի է վերածվել: Դատելով նրանից, որ այստեղ կառուցվող շենքում տեղակայվելու են մի շարք նախարարություններ, հույսեր կան, որ խնդրո առարկա հատվածում առաջինը վերոհիշյալ շենքը կկառուցվի:

Չենք կարող չանդրադառնալ Երեւանի կենտրոնի մեկ այլ կարեւոր հանգույցում գտնվող շինհրապարակի: Խոսքը Աբովյան պուրակից Մոնումենտ բարձրացող հատվածում գտնվող, 70-80-ականների մայրաքաղաքի համար բրենդային նշանակություն ունեցող Երիտասարդական պալատի շենքին է վերաբերում:

Շենքի հեղինակներից մեկը` Հրաչյա Պողոսյանը, ցավ ի սիրտ մնաց` այնքան արագ-արագ քանդեցին շենքը: Իսկ նոր սեփականատերը, չհավանելով հին շենքը, խոստացավ Երիտասարդական պալատի փոխարեն երեւանցիներին աշխարհի 8-րդ հրաշալիքը նվիրել: Աշխարհից աշխարհ ման եկավ, միջազգային մրցույթ հայտարարեց, ճապոնացի ճարտարապետ Կիոկազու Արայի նախագծն ընտրվեց, բայց, չգիտես ինչու, սեփականատերը փոշմանեց: Իր խոստումը մոռացավ` երբեմնի պալատի տեղում թողնելով քանդված շենքի մասին հուշը եւ դատարկությունը:

Այսօր խորհրդային շրջանի մեկ այլ հայտնի կառույցի` «Դվին» հյուրանոցի ճակատագիրն էլ մնում է անհայտ:

Տեղեկությունը, թե Ի.Կոբզոնն է շենքի սեփականատերը, երեւանցիներին գրեթե ոչինչ չի ասում, քանի որ ով էլ լինի տերը, նա ուղղակի մեր քաղաքին վնաս է տալիս: 2003-04-ին դառնալով «Դվինի» սեփականատեր, տվյալ անձը որոշակի պարտավորություններ է ստանձնել, այն է` հինգ տարում հինգաստղանի հյուրանոց կյանքի կոչել, 30 միլիոն դոլարի ներդրում կատարել եւ այլն, դեռեւս խոստումների մակարդակում են:

Տեւական շինհրապարակի վերածված հատվածի վերաբերյալ վերջին հիշատակությունը վերաբերում է «Դվին» հյուրանոցին հարակից հրապարակում պար բռնած լեռնցիներին, քանդակագործ Տիգրան Արզումանյանի «Լեռնցիների պարը» ստեղծագործությանը: Վերջինս, ի դեպ, քաղաքի այս հատվածում, տարածականության եւ մասշտաբի առումով հրաշալի էր ընկալվում, ուղղակի ձուլված էր տեղանքին, եւ այսօր մի տեսակ դժվար է նույնիսկ պատկերացնելը, թե քաղաքի այլ հատվածում լեռնցիների պարն ինչպես կդիտվի:

Երեւանյան մեկ այլ քրոնիկ կիսակառույց էլ «Սասուցի Դավիթ» հրապարակում է գտնվում: Դեռ խորհրդային տարիներին այստեղ գոյություն ունեցող կինոթատրոնը հյուրանոց կառուցելու նպատակով քանդվեց, աշխատանքները սկսվեցին եւ… չավարտվեցին:

Այս դեպքում, պարզվում է, շենքի սեփականության իրավունքը դատարանում վիճարկող երկու կողմեր կան, որոնք համաձայնության չեն եկել: Հիմա տարածքը բարձիթողի վիճակում է, իսկ շինարարության ավարտը չի երեւում:

Ի դեպ, այսօրինակ տարածքները մայրաքաղաքում մեկն ու երկուսը չեն, Երեւանի տարբեր վարչական շրջաններում նման խոռոչներ կան, որոնց տերերի հանդեպ քաղաքային իշխանությունն առաջիկայում խոստանում է ընդհանուր մոտեցումներ ցուցաբերել:

Մինչ այդ, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ արդեն իսկ իրականացվում է մայրաքաղաքի կիսակառույց եւ հողամասը նպատակային չօգտագործող տարածքների գույքագրում:

 «Հայոց աշխարհ»

Շուշան ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031