Հաջորդ տարի Ադրբեջանում պետք է տեղի ունենան նախագահական ընտրություններ: 2013-ը իշխող ընտանիքի համար ընդգծված հոբելյանական է` լրանում է Հեյդար Ալիեւի երկրորդ «գալստյան» քսան, Իլհամ Ալիեւի պաշտոնավարության տասը տարին: Ընդ որում, առաջին դեպքում գործ ունենք նաեւ «Ազգային փրկության» քսանամյակի հետ. Ադրբեջանում Հեյդար Ալիեւի իշխանության վերադարձը նշվում է որպես պետական գլխավոր տոն: Իշխող քարոզչությունը Իլհամ Ալիեւին հռչակել է «համազգային առաջնորդի գործի արժանի շարունակող»:
Ուշագրավ է, որ առանց հայկական կողմերի որոշակի աջակցության Հեյդար Ալիեւը 1993 թ. հոկտեմբերին հազիվ թե կարողանար կազմակերպել «նախագահական ընտրություններ» թատերախաղը: Բավական էր չհամաձայնել երկամսյա հրադադար հաստատելու առաջարկությանը, եւ «ընտրությունները» չէին կայանա: Կարելի է, իհարկե, դա բացատրել նաեւ միջնորդ կողմերի, հատկապես Ռուսաստանի շահագրգռվածությամբ: Բայց փաստը մնում է փաստ. նախագահի պաշտոնակատար Հեյդար Ալիեւը ռազմաճակատում հրադադար հաստատելու հարցում ցուցաբերել է ոչ միայն բացառիկ շահ, այլեւ որոշակի «զիջումներ» անելու պատրաստակամություն:
Հատկապես ընտրություններին նախորդող շրջանում են արձանագրվել Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ պաշտոնական շփումներ: Իհարկե, նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Հեյդար Ալիեւը փորձել է չեղարկել պայմանավորվածությունները, դիմել է ռազմական ուժի, որպեսզի «կորցրածը հետ բերի»: Բայց, ի վերջո, նա էր, որ տվել է զինադադարի համաձայնագիր ստորագրելու համաձայնություն:
Այսօր կարելի է եւ քննադատել, թե ինչո՞ւ զինադադարի բանակցություններում հայկական կողմերը չեն պահանջել ավելին: Բայց դա անպտուղ զբաղմունք կլինի. անցածը հնարավոր չէ վերադարձնել: Հակամարտության գոտում շուրջ քսան տարի հետո այլ իրավիճակ է:
Կարդացեք նաև
Այդուհանդերձ, գալիք տարում Իլհամ Ալիեւը կունենա հայկական կողմերի կարիքը: Պետական տոնացույցում «Ազգային փրկության» օր ամրագրել` դեռ չի նշանակում կարողանալ ասել, որ երկու տասնամյակ ի վեր իշխելով ալիեւյան կլանը գոնե դույզն-ինչ փոխել է իրավիճակը: Այստեղ չեն օգնի նաեւ ռազմական ծախսերի, ՀՆԱ-ի եւ մարդկանց «եկամուտների աճի» մասին հավաստիացումները:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի կարողացել լուծել գլխավոր խնդիրը, այն, որ Հեյդար Ալիեւը սահմանել է երդմնակալության ելույթում` «ազատագրել մեր հողերը, այնտեղ վերադարձնել փախստականներին եւ բռնատեղահանվածներին»: Այդ խնդրի լուծման երկու ճանապարհ կա. կամ հայկական կողմերը «համաձայնում են եւ զորքերը դուրս են բերում» նախկին ԼՂԻՄ-ից դուրս «ադրբեջանական շրջաններից», կամ Ադրբեջանը «դրանք ազատագրում է պատերազմով»:
Երրորդ տարբերակ գոյություն չունի: Առնվազն` Իլհամ Ալիեւի պատկերացմամբ: Ակնհայտ է, որ «մադրիդյան սկզբունքները» Ադրբեջանի համար «անցյալ կորուսյալ են»: Ընդ որում, հարկ է նկատել, որ Իլհամ Ալիեւը սեփական նախաձեռնությամբ է իրավիճակը սրում «սեւ-սպիտակի»: Դա, կարելի է ենթադրել, դառնալու է նրա նախընտրական քարոզչության հիմնական «բրենդը»: Այսինքն, նա հանրությունից երկրորդ ցիկլով նախագահության մանդատ է խնդրելու, որպեսզի «լուծի» հիմնական հարցը:
Նույն հանրությունը, սակայն, լիովին իրավասու է պահանջելու, որ Իլհամ Ալիեւը «հաշվետու լինի» ոչ միայն իր տասնամյա նախագահության, այլեւ «Ազգային փրկության» օրվանից սկսված «նոր դարաշրջանի» համար: Պարզ ասած, հասարակությունը պետք է ստանա «եթե քսան տարում ոչինչ չի հաջողվել, ի՞նչ երաշխիք, որ կհաջողվի առաջիկա հինգ-տասը տարում» հարցի պատասխանը:
Այս կամ գալիք տարի պատերազմ սկսելու հավանականությունը նույնպես կա: Բայց եթե Իլհամ Ալիեւը «կամիկաձե» չէ, ապա նա դրան չի գնա: Զինադադարի գոտում հունիսի առաջին տասնօրյակի իրադարձությունները երեւակեցին ե՛ւ ադրբեջանական զինված ուժերի, ե՛ւ հասարակության անպատրաստությունը: Մանավանդ` վերջինը: Ինչպես նաեւ ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանում բավական ազդեցիկ ուժեր կան, որ պատրաստ են հասարակության շրջանում խուճապ սերմանել եւ իշխանությանը զրկել հասարակության կոնսենսուսային աջակցությունից:
Ադրբեջանը «նախապատրաստվում է» 2014 թ. «ամառային ռազմական կամպանիայի»: Պատերազմի նախապատրաստվելու համար Իլհամ Ալիեւը ունի մեկուկես -երկու տարի ժամանակ: Բայց մինչ այդ նա պետք է լուծի իշխանության խնդիրը: Առանց հայկական կողմերի «աջակցության» դա անհնար կլինի: Մանրամասնությունների մեջ չմտնենք, ամեն ինչ հասկանալի է: Նույն իրավիճակում Հեյդար Ալիեւը ընտրեց «ուղղակի» շփումների ձեւը: Ի՞նչ քայլ կձեռնարկի Իլհամ Ալիեւը:
Նա դրան, ըստ երեւույթին, չի գնա: Կգերադասի «միջնորդավորված երկխոսությունը»: Բայց դա էլ էական չէ: Հիմնական ինտրիգը նրանում է, թե հայկական կողմերն ինչպես կարձագանքեն իրավիճակին: Կանե՞ն ամեն ինչ, որպեսզի Իլհամ Ալիեւը եւս մի տասնամյակ նախագահելու հնարավորություն ստանա, թե՞ ոչ:
Բայց կա՞ վստահություն, որ Իլհամ Ալիեւը չի կրկնի «համազգային առաջնորդի» փորձը: Մեկուկես-երկու տարի ժամանակ տալ, որ Ադրբեջանը «պատերազմ սկսի» ներքաղաքական խնդիրները լուծելուց հետո՞: Թե՞ հնարավոր է խուսափել ե՛ւ պատերազմից, ե՛ւ Իլհամ Ալիեւի հետագա խարդավանքներից: Իսկ եթե «վաղը պատերազմ է»-ն սկզբունքը դրվի՞ Իլհամ Ալիեւի հետ ուղղակի կամ միջնորդավորված բանակցություններում:
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ
«Ազգ»