Հարցազրույց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի հետ
-Պարոն Մելքոնյան, ի՞նչ առանձնահատկություններ ունեն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները արաբական այլ երկրների համեմատ։
-Եթե նկատի առնենք «արաբական գարնան» զոհը դարձած երկրների՝ Թունիսի, Լիբիայի, Եգիպտոսի օրինակները, ապա Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, իհարկե, ունեն իրենց որոշակի տարբերություններն ու առանձնահատկությունները:
Կարդացեք նաև
Նախեւառաջ, Սիրիայում իշխող Ասադի վարչակարգն ունի, հիմա արդեն՝ ուներ ավելի մեծաթիվ համակիրներ ու աջակիցներ: Միաժամանակ Սիրիայում իշխանության ու ապստամբների բախումների շարժառիթներն էին բոլորովին այլ: Շատ կարեւոր է նշել նաեւ, որ Սիրիա պետության աշխարհաքաղաքական կարգավիճակը եւս անհամեմատ բարձր էր:
Այս ամենի հետեւանքով Սիրիայում արտաքին միջամտությունը, նաեւ ազդեցությունը շատ ավելի թույլ, մեղմ էր։ Արեւմուտքը հիմնական շեշտը դրել էր ներքին խռովություն, բախումներ, քաղաքացիական պատերազմ հրահրելու վրա: Այսուհանդերձ, Արեւմուտքը հետեւողականորեն ջանքեր գործադրեց ու հասավ իր նպատակին:
Արեւմուտքին նախ հաջողվեց ողջ աշխարհում տպավորություն ստեղծել, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմ է հասունացել: Այս գործում «ծանրակշիռ ներդրում» ունեցան «վարձկանները», որոնք, իբր, հայտնի չէ, թե որ երկրից եւ ինչ նպատակով են թափանցում Սիրիա: Իրականում բոլորին էլ պարզ էր, որ «վարձկանները» Թուրքիայից են փոխադրվում Սիրիա, նպատակն էլ հենց քաղաքացիական պատերազմի տպավորություն ստեղծելն էր:
Այսօր Սիրիայի գրեթե բոլոր քաղաքներում ու խոշոր բնակավայրերում, շատ սահմանամերձ տարածքներում քաղաքացիական պատերազմին նմանվող մարտեր են տեղի ունենում: Սակայն մեր աղբյուրները հավաստիացնում են, որ արեւմտյան հեռուստակայանների ցուցադրած տեսաշարերը հիմնականում ուռճացված են, ճիշտ չեն արտացոլում իրողությունները:
Իսկ Հորդանանի սահմանին բախումները, Թուրքիայի սադրիչ ձեռնարկները հավելյալ խուճապ առաջացնելու, ներքին ապակայունություն հրահրելու նպատակով են արվում, քանի որ Սիրիայից հեռացող ընտանիքների համար ամենամոտ ապաստանները հենց Թուրքիան ու Հորդանանն են:
-Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ու Չինաստանի վետոյին, Արեւմուտքը կարողանում է հասնել իր նպատակին: Այս ամենը ինչո՞վ կարող է ավարտվել։
-Ե՛վ Արեւմուտքի, ե՛ւ Ռուսաստանի ու Չինաստանի շահերը Սիրիայի պարագայում ակնհայտ են: Սիրիան Մերձավոր Արեւելքում Ռուսաստանի վերջին դաշնակիցն է, հանգրվանն է ու ֆորպոստն է: Ռուսաստանը Սիրիայում աշխարհաքաղաքական կարեւորության ռազմական բազաներ ունի, եւ Սիրիան Ռուսաստանի բնական դաշնակիցն է: Եթե Ռուսաստանը, նաեւ Չինաստանը չեն կորցրել միաբեւեռ աշխարհակարգը փոխելու, երկբեւեռ կամ բազմաբեւեռ աշխարհակարգը վերականգնելու հավակնությունները, ապա անվերապահորեն պետք է պահպանեն իրենց դիրքերը Սիրիայում:
Սիրիայից նահանջը կնշանակի նաեւ Իրանի կորուստ: Հետեւաբար Սիրիայում Ռուսաստանի գերակա ազդեցությունը պահպանելու խնդիրն ունի բախտորոշ աշխարհաքաղաքական ու հեռանկարային նշանակություն:
Եթե Մերձավոր Արեւելքն ամբողջովին անցնի արեւմտյան կողմնորոշման դաշտ, ապա Ռուսաստանի եւ Չինաստանի բոլոր աշխարհաքաղաքական նպատակները, ուժային կենտրոն լինելու հավակնությունները լրջորեն կվտանգվեն եւ կարող են անիրագործելի դառնալ:
Կարծում եմ, Ռուսաստանը եւ Չինաստանը, նաեւ Իրանը համագործակցաբար ամեն ինչ անելու են՝ Սիրիայում իրենց դիրքերն ու ազդեցությունը պահպանելու համար: Վարչակարգի փոփոխություն, ինչպես դա եղավ Լիբիայում կամ Եգիպտոսում, Ռուսաստանը չի կարող թույլ տալ:
Միաժամանակ քաղաքականության մեջ ոչինչ պետք չէ բացառել, մանավանդ որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական բազում արտառոց նահանջների ականատես ենք եղել ու նաեւ մեր մաշկի վրա զգացել:
Գեվորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»