Ընդամենը մեկ ժամ հետո Հանրային Հեռուստատեսության ուղիղ եթերում կսկսվի ամառային 30-րդ օլիմպիական խաղերի բացման հեռարձակումը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Հանդիսավոր շքերթի մասնակից մեր մարզիկները, մարզիչները, պատվիրակության մյուս անդամները վաղուց արդեն նշանակված վայրում են ու սպասում են կազմակերպիչների հավաստիացմամբ՝ պատմության մեջ օլիմպիական խաղերի բացման ամենաշքեղ արարողության մեկնարկին:
Քիչ առաջ «Aravot.am» -ը հեռախոսով կապվեց օլիմպիական խաղերի մայրաքաղաքում գտնվող մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի հետ: «Արդեն երկու օր է, ինչ Լոնդոնում եմ եւ գլխավորապես զբաղված եմ եղել Երեւանի հետ հեռուստատեսային կապը կազմակերպելու հարցերով, որպեսզի այսօրվանից սկսած եւ խաղերի ամբողջ ընթացքում մեր աշխատանքը լինի անխափան: Այդ պատճառով մեր մարզիկների ու պավիրակության անդամների հետ շփվելու հնարավորություն գրեթե չեմ ունեցել: Այնպես որ, մեր մարզասերներին հետաքրքրող տեղեկատվություն առանձնապես չունեմ: Կարծում եմ, որ վաղվանից ամեն բան կընկնի հունի մեջ: Գիտեմ միայն, որ այսօր բացման շքերթին չեն մասնակցելու մեդալների հավակնորդներ՝ հրաձիգ Նորայր Բախտամյանը եւ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, որոնք արդեն վաղն առավոտյան սկսելու են պայքարը», – ասաց մեր գործընկերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ