Bravo.am. Այս հուլիսի 16-ին մահացավ «Deep Purple» խմբի հիմնադիր, կոմպոզիտոր եւ ստեղնաշարային գործիքներ նվագող Ջոն Լորդը: Լեգենդար երաժշտի երեւանցի երկրպագուները Բրիտանական դեսպանատան մոտ մոմավառություն կազմակերպեցին, երեկ էլ հուլիսի 26-ին, հավաքվել էին «InRock» նորաբաց ակումբում` հիշելու սիրելի Ջոն Լորդին:
Հայաստանի ռոք ասոցիացիայի հետ ակումբի պայմանավորվածության համաձայն՝ «InRock»-ում նշվելու են հայտնի երաժիշտների ծննդյան օրերը, ռոքի պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած ձայնասկավառակների թողարկման տարեդարձները:
«Որոշեցինք, որ պետք է անպայման այս մեծ երաժշտի հիշատակին նվիրված երեկո կազմակերպենք: Ի դեպ, Հայաստանում բավական շատ են «Deep Purple»’ խմբի եւ մասնավորապես Ջոն Լորդի երկրպագուները»,-նշել է ակումբի հիմնադիր Սպարտակ Սեյրանյանը:
Երեկոյի ընթացքում մասնակիցները հիշել են Ջոն Լորդի կատակներից, մտքերից, դիտել են նրա՝ տարբեր տարիների ելույթները թե «Deep Purple» խմբի կազմում, եւ թե որպես դասական երաժիշտ:
Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ “Մեդիամաքս’’ ինտերնետ հոլդինգի տնօրեն Արա Թադեւոսյանը:
«Չեմ ուզում առանձնացնել Ջոն Լորդին, կասեմ, որ «Deep Purple» խումբն անասելի մեծ ազդեցություն է ունեցել իմ կայացման հարցում: Այս խումբը հիշեցնում է ինքս ինձ այն շրջանում, երբ բացահայտում էի ազատությունն ու անկախ անձնավորություն էի դառնում: Հետաքրքիր տարիներ էին: Այսօր այստեղ նստած եմ հայերի հետ ու վայելում եմ «Deep Purple» ’ խմբի համերգը: Կարելի է ասել մեկ բան` երաժշտությունը միավորում է: Այն համամարդկային մի լեզու է, որի համար կարեւոր չէ ազգությունը»,- ասել է Ջոնաթան Ջեյմս Էյվսը:
Դեսպանը, հիշելով իր ռոքային անցյալը, BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ երաժշտություն է լսում հիմա. «Առաջին մեծ ռոք-համերգները, որոնց ներկա եմ եղել, «Led Zeppelin»’ եւ «Deep Purple»խմբերի ելույթներն էին: Բայց հետո եկավ փանք-ռոքի ժամանակը, ու ես հետաքրքրվեցի երաժշտական այդ ուղղությամբ: Շատ եմ սիրում երաժշտություն լսել, դա իմ կյանքի անփոխարինելի մասն է կազմում: Հիմա տարբեր տեսակի երաժշտություն եմ լսում: Հետաքրքրված եմ սոուլ, փանք եւ սեւական երաժշտությամբ’’:
«Ես երջանիկ մարդ եմ, քանի որ 2010 թվականի հոկտեմբերին գրեթե մի ամբողջ օր եմ անցկացրել Ջոն Լորդի հետ: Արդեն գրել էի այս մասին, թե ինչպես ներկա գտնվեցի “WhoCares” սուպերխմբի “Out of My Mind” երգի ձայնագրությանը, որին մասնակցում էր նաեւ Ջոն Լորդը»,- այս տողերն Արա Թադեւոսյանը գրել է Ջոն Լորդի մահվան հաջորդ օրը՝ պատմելով մեծն երաժշտի հետ իր հանդիպման մասին: Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝ https://www.mediamax.am/am/column/12292/:
«InRock» -ի հիմնադիր Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրել է, որ ակումբում կայանալիք միջոցառումների թվում ամենասպասվածը տեղի կունենա օգոստոսի 19-ին. նշվելու է Իէն Գիլանի ծննդյան տարեդարձը:):
Ստորեւ ներկայացնում ենք Ջոն Լորդի մասնակցությամբ մի քանի տեսանյութ:
Տեքստը` Լենա Գեւորգյանի
Լուսանկարները` Mana Litta-ի