Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստների ազատազրկման հարցը Կոնգրեսը հնարավոր է տանի ԱԺ (Տեսանյութ)

Հուլիս 27,2012 21:14

«Եթե մարդն իրոք մեղք ունի գործած, մենք  ինքներս կողմ ենք, որ մարդը պատժվի: Կարեւոր չէ՝ իշխանությա՞ն հատվածից է անձը, թե՞ ընդդիմության: Եթե հանցանք է գործել՝ նա նախեւառաջ պիտի պատժվի: Բայց մեզ համար հստակ չէ՝ ինչքանով էին Տիգրանը եւ տղաները մեղավոր, ինչքանով էին նրանց գործողությունները ոչ օրինական: Այս պատժից պարզ է դառնում ինձ համար, որ նրանք ոչ մի մեղք էլ չեն գործել»,- այսօր ՀԱԿ ակտիվիստների ազատության համար կազմակերպված կոնգրեսականների ակցիայի ընթացքում Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ «Եթե արդար  վճիռ կայացվեր՝ 1 տարի կամ պայմանական ինչ-որ ժամանակ որոշվեր դատարանի կողմից, ես կհավատայի, որ ինչ-որ հանցանք գործել են, որի համար այդ փոքրիկ ժամկետը նրանց տրվում է: Բայց երբ մարդուն դատապարտում են 6 տարվա ազատազրկման, այդտեղ արդեն  ակնհայտ է դառնում, որ քաղաքական  հետապնդում է դա, այդ որոշումը քաղաքական ենթատեքստ ունի եւ իրականում մարդիկ ոչ մի մեղք չունեն: Առավել եւս՝ ընդամենը այնտեղ ներկա գտնվելու համար 3 տղաներին 2-3 տարի ազատազրկման դատապարտել՝ դա միայն թուրքը կաներ, թուրքն է միայն ի վիճակի հային այդպես պատժելու: 20-22 տարեկան տղաների ապագան կարելի՞ է այդպես խեղաթյուրել, սա ի՞նչ մոտեցում է, սա ի՞նչ պետություն է, որտեղ երիտասարդին ընդամենը կարծեցյալ ոստիկանին հարվածելու համար, կամ պարտադրված պաշտպանության համար կարող են նման ժամկետով դատապարտել: Հումանիզմ, մարդկություն, արդարադատություն ակնկալել այս իշխաությունից՝ միամտություն կլինի: Դրա մասին փաստում են նաեւ Սիրիայի իրադարձությունները: Դա հումանիզմից չէ, որ նրանք ինչ-որ քայլերի են հիմա գնում: Դա պարտադրված քայլեր են, որ նման պարտադրեց հայ համայնքը»:

Մեր հարցին, թե այս ակցիաներով ի՞նչ արդյունքների կարող եք հասնել՝ տիկին Սարգսյանը պատասխանեց. «Ամեն դեպքում մենք պայքարի ուրիշ ձեւ չունենք,մենք պիտի ամեն գնով փորձենք հասկացնենք հասարակությանը, որ այսօր այս տղաներն են, վաղը ձերը կարող են լինել, ամեն մեկի համար պետք է համախմբվել ու պայքարել: Եթե մենք դա կարողանում ենք անել, ուրեմն մենք որպես ազգ կայանում ենք, եթե ոչ՝ ուրեմն մենք ընդամենը ժողովուրդ ենք, որ մի տարածքում ապրում է՝ առանց իրավունքների, առանց գիտակցության, առանց պետականության»:

Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ հնարավոր է նաեւ հարցը ԱԺ տեղափոխվի. «Մենք դեռ քննարկում ենք՝ ինչ քայլեր  պետք է ձեռնարկենք, բայց չեմ բացառում, որ այս հարցը մտցնենք ԱԺ: Պետք է պայքարը շարունակել՝ ամեն մի երիտասարդի, ամեն մի հայի համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031