ՀԱԿ համակարգող եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը միացել է ֆեյսբուքյան «Ելք» խմբին, որը ստորագրահավաք է իրականացնում՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի համար: Այսօր այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում պարոն Զուրաբյանը մեր հարցին՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի հետ կապված Կոնգրեսը ի՞նչ դիրքորոշում ունի՝ պատասխանեց. «Չեմ կարծում, որ Կոնգրեսը ինչ-որ դիրքորոշում պետք է հայտնի այդ կապակցությամբ, ոչ էլ քննարկում է եղել այդ մասին: Ես իմ անձնական կարծիքը ասեմ՝ Վանո Սիրադեղյանի դեմ գործը սարքված է: Մենք միշտ դրա մասին խոսել ենք, միշտ ասել ենք: Նրան հետապնդում են բացառապես քաղաքական մոտիվներով, բնականաբար, մենք ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, բոլոր այն մարդկանց, որոնք ձայն են բարձրացնում հօգուտ նրա, որ Վանո Սիրադեղյանը կարողանա վերադառնալ Հայաստան: Մենք հասկանում ենք, թե երբ Վանո Սիրադեղյանը կկարողանա վերադառնալ Հայաստան: Նա կարող է վերադառնալ Հայաստան, երբ որ Հայաստանում գործի արդարադատություն: Այսօրվա Հայաստանում արդարադատություն չի գործում, պատժում են անմեղներին, արդարացնում մեղավորներին: Նման Հայաստան Վանո Սիրադեղյանը եթե վերադառնա, նրան, ինչպես իշխանությունները արդեն հայտարարեցին, անմիջապես կալանավորելու են եւ նորից անարդարությունը շարունակվելու է: Մենք բոլորս միասին, բոլոր քաղաքական ուժերը այս հարցում խնդիրը այսպես պետք է ձեւակերպենք՝ որ Հայաստանը պետք է դարձնենք արդարադատության երկիր: Պետք են արդարադատության նվազագույն երաշխիքներ, որ բացառվեն քաղաքական հետապնդումները, եւ Վանո Սիրադեղյանի նման հեղինակավոր գործիչը կարողանա վերադառնալ հայրենիք»:
Մեր հարցին՝ ինչքանո՞վ է հնարավոր, որ նրան ուզում են իշխանությունները բերեն՝ Կոնգրեսի «դեմն առնելու» համար, որովհետեւ այդ տարբերակն է շրջանառվում՝ պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Իշխանությունները հիմա ամեն մի նախաձեռնության մեջ փորձում են մտնել: Տեսնելով, որ հնարավոր չէ այս քաղաքացիական շարժման դեմն առնել, 4 տարի փորձեցին՝ բանտերով, հալածանքներով, հարձակումներով մեր երիտասարդների վրա, տեսան, որ չեն կարողանում, հիմա ավելի նոր ձեւեր են գտել: Ուզում են ստեղծել տարբեր նախաձեռնություններ, ամեն մի նախաձեռնության մեջ մտնել, փորձում են շեղել խնդիրը, այսինքն՝ փորձում են խնդիրն այնպես ձեւակերպել, որ դա չուղղվի Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ: Այնպես որ, ես չեմ բացառում, եւ դա երեւում է, որ ցանկացած շարժման մեջ նրանք փորձում են մտնել, ինչ-որ վերահսկողություն հաստատել»:
Պարոն Զուրաբյանը գտնում է, որ իշխանությունը դա կտապալի. «Մենք էլ ենք արդեն սովորել, մենք գիտենք ոնց ենք պատասխանում իշխանության այս տակտիկային: Ի վերջո իրենք որ նախաձեռնության մեջ որ մտնում են, որտեղ որ փորձում են ակտիվացնել, դա իրականում բերում է նրան, որ մարդիկ ակտիվանում են, եւ դա միայն օգնում է մեզ՝ զարգացնել շարժումը: Եթե մենք ճիշտ արձագանք ենք տալիս, ուրեմն մենք կարողանում ենք ճիշտ պատասխան գտնել՝ իշխանության այդ մարտավարությանը»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Ձեր կարծիքով, ինչո՞վ են պայմանավորված Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի վերջին բացահայտումները ՀՀՇ-ականների, մասնավորապես՝ Արամ Մանուկյանի հետ կապված, որ իր փոխնախարարի պաշտոնի համար չի ուզեցել դեմ քվեարկել Վանո Սիրադեղյանի ձերբակալման հարցին՝ պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Եթե դուք այդ ամենին լուրջ եք վերաբերվում, եւ այդ ամեն ինչը հրապարակողներին լուրջ եք վերաբերվում, ես չեմ կիսում ձեր մոտեցումը, դրա համար չեմ ցանկանում նման հարցադրումների մեջ խորանալ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ