«Մոսկվա» կինոթատրոնից 5 մլն 80 հազար դրամ և 10 հազար ռուսական ռուբլի գողության գործով մեղադրվող Վահրամ Քերոբյանը, որի խափանման միջոցը երեկ փոխվեց Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ, երեկ ազատ է արձակվել: Երեկ ուշ երեկոյան նրա ընտանիքը հասցրել է մուծել 500 հազար դրամ գրավի գումարը:
Վահրամ Քերոբյանը 2,5 տարի գտնվում էր Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրա պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանն «Առավոտի» հարցին, թե արդյոք այդ կալանքի հարցով դիմելո՞ւ է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, պատասխանեց, որ իրենց դիրքորոշումը պարզ կլինի դատավճռից հետո:
Հիշեցնենք, որ նույն գործով մեղադրվող Ստեփան Հովակիմյանի գործն արդեն ուղարկվել է ՄԻԵԴ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ