Արևմտյան Հայաստանից օրեր առաջ վերադարձած ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթի վրա նկատել է մի շանթարգել: Աժ պատգամավորն «Անադոլի կուլտուր» հասարակական կազմակերպության նախագահ Օսման Քավալայի և Վանի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հորդորել է անմիջապես հեռացնել շանթարգելը գմբեթի վրայից:
Արագած Ախոյանի խոսքով՝ նրանք սկզբում ապշել են ու ներողություն խնդրել դրա համար: Հետո փորձել են արդարանալ, որ դա ընդամենը շանթարգել է: «Մենք չենք տեսել որևէ մի եկեղեցի կամ թուրքական մզկիթ, որի վրա շանթարգել տեղադրեն»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավորը: Ըստ նրա՝ Վանի իշխանությունները, ինչպես նաև «Անադոլի կուլտուր» ՀԿ նախագահ Օսման Քավալային, ովքեր բավականին հարգալից են տրամադրված հայերի նկատմամբ, խոստացել են անմիջապես կարգավորել հարցը:
Արագած Ախոյանը կատարվածը համարում է անգրագիտություն: Աժ պատգամավորն այստեղ քաղաքական ենթատեքստ չի տեսնում:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն