Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վերացվել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ ցուցադրված տեսանյութի հիման վրա քրգործի հարուցումը մերժելու մասին որոշումը

Հուլիս 27,2012 18:14

ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ  վերացվել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ ցուցադրված «Էս ինչ հաշիվ աաա» տեսանյութի հիման վրա Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին  որոշումը եւ հարուցվել քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Գլխավոր դատախազության կայքէջը հիշեցնում է, որ 2012թ. մայիսի 6-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ տեսանյութ էր ցուցադրվել այն մասին, որ նույն օրը ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գյումրի քաղաքի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայից կաշառք է բաժանվել:

Ուսումնասիրելով տվյալ տեսանյութի հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի  քննչական բաժնի կողմից նախապատրաստված նյութերը` պարզվել է, որ դրանք  թերի են, իսկ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը հիմնավոր չէ:

Մասնավորապես` օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում տեսանկարահանման պահին ավտոմեքենայի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիներից միայն երկուսի ինքնությունն է պարզվել, որոնց պատճառաբանություններն այն մասին, թե իբր ավտոմեքենայից հագուստ է վաճառվել եւ այդ կապակցությամբ են մոտեցել ավտոմեքենային ու հայտնվել տեսանյութում, ինչպես նաեւ` հիշյալ ավտոմեքենայի վարորդի պատճառաբանությունը` իր կողմից մատնանշված կանանց վարձավճարով տեղափոխելու եւ առավել եւս նրանց չճանաչելու վերաբերյալ, արժանահավատ չեն:

Բացի այդ, հիշյալ տեսանյութի հետ կապված` «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Գալան» կռիվ է գցել ընտրակաշառք վերցրած կնոջ ընտանիքում» վերտառությամբ հոդվածի համաձայն`  «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վ. Խաչատրյանը նշել է, որ ընտրությունների ընթացքում կաշառք ստացած անձանցից շատերը տարբեր եղանակներով դիմել են` տեսանյութից իրենց դեմքերը հանելու խնդրանքով:  Այդ կապակցությամբ եւս բավարար ստուգումներ չեն կատարվել, բացատրություններ չեն վերցվել կողմերից:

Վերոգրյալի հիման վրա եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության 21-րդ, 53-րդ եւ 185-րդ հոդվածներով` 2012թ. հուլիսի 21-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ  վերացվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ հարուցվել քրեական գործ:

Քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն կատարելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031