Վերջին մի քանի օրերին նկատվում է որոշ տեսակի հացի գնի թանկացում: Մասնավորապես 100 դրամանոց «Մատնաքաշ»-ը դարձել է 120, իսկ 250 դրամ արժողությամբ «Հրազդան» տեսակի հացը դարձել է 260 դրամ: Պատճառը փորձագետների խոսքով՝ միջազգային շուկայում ցորենի թանկացումն է:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ որոշ խանութներ հացի գինը բարձրացրել են 10-20 դրամով, որոշներն էլ նախընտրել են չթանկացնել, այլ հացի կշիռը նվազեցնել: Ըստ Կ. Չիլինգարյանի՝ ալյուրը թանկացել է 10 դրամով, հացի՝ ևս 10 դրամով թանկացումը Կ. Չիլինգարյանը սխալ է համարում: «Հացի մեջ ալյուրի բաղադրությունը ոչ թե 100, այլ ընդամենը 50-60 տոկոս է: Այս պարագայում հացի գինը նույնքան թանկացնելը ճիշտ չէ»: Մյուս կողմից էլ, ըստ նրա՝ հացի գինը 10 դրամից քիչ թանկացնելու դեպքում մանր վերադարձնելու խնդիր էր առաջանալու: Համենայնդեպս, այս պարագայում ըստ նրա կրկին տուժում է սպառողը:
Հացի գնի թանկացման վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեցինք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: Հանձնաժողովի մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանի խոսքով՝ հացի շուկայում հանձնաժողովը որևէ գործառույթ չի կարող իրականացնել, քանի որ գերիշխող տնտեսվարողներ այդ շուկայում չկան: «Հաց արտադրող հազարավոր ընկերություններ կան, բայց գնաճը ՏՄՊՊՀ-ի կողմից վերահսկելի չէ»,-«Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Գ. Սահակյանը: Ըստ նրա՝ հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում ալյուրի շուկայում, որտեղ կան գերիշխողներ: «Մանան գրեյն» և «Ալեքս գրիգ» ընկերությունները զբաղեցնում են շուկայի մոտ 80 տոկոսը: Վերջին շրջանում ալյուրի շուկայի գնի թանկացումներ արձանագրել է նաև հանձնաժողովի մոնիթորինգի խումբը: «Հուլիսի սկզբին այս գերիշխող ընկերությունների մեծածախ պահեստներում 1 տոննա ալյուրն արժեր մոտ 233 հազար դրամ: Հիմա այն արժե 240 հազար դրամ: Այսինքն շուրջ 3 տոկոսի գնաճ է հանձնաժողովն արձանագրել»,- նշեց Գ. Սահակյանը: Ըստ նրա՝ հայաստանյան ալյուրի շուկայում գների բարձրացումը պայմանավորված է միջազգային շուկայում ցորենի գնի թանկացմամբ: Միևնույն ժամանակ ՏՄՊՊՀ-ն վերահսկողության տակ է պահում ալյուրի շուկան, ամենօրյա դիտարկումները, ուսումնասիրությունները շարունակվում են,« դեռևս վարույթ սկսելու որևէ հիմք չկա»:
Ինչպես նշեցինք հացի արտադրությամբ զբաղվող ընկերություններից մի քանիսն արդեն արձագանքել են գնաճային փոփոխություններին և վաճառվող հացի գինը թանկացրել 10-20 դրամով: Պարզեցինք նաև, որ ՏՄՊՊՀ-ի գործառույթը չէ հացի շուկայում գնային փոփոխությունները վերահսկելը: Այդ դեպքում ո՞ւմ գործառույթն է այն: Դիմեցինք նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայություն: Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Փաստինֆո» գործակալության թղթակցին տեղեկացրին, որ ծառայությունը գների թանկացման վերաբերյալ որևէ գործառույթ չի իրականցնում: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մեր գործառույթն է վերահսկել, որպեսզի խանութում վաճառվող հացը, որի վրա գրված է իքս գրամ, լինի հենց իքս գրամ: Հացի թանկացումը մեր վերահսկողությունից դուրս է»,- նշեցին ծառայությունից:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն