Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանն իր պահվածքով գերազանցեց Հայկ Բաբուխանյանին

Հուլիս 27,2012 17:13

Այսօր լրագրողի մեր մասնագիտական պարտականությունները կատարելիս բախվեցինք միանգամից 2 պատգամավորների պահվածքին: Խոսքը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի եւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի մասին է: Հայկ Բաբուխանյանը մի քանի անգամ «Առավոտի» անունը լսելուն պես` ասել է, որ մեզ հարցազրույց չի տալիս, չի ուզում պատասխանել մեր հարցերին, չի ցանկանում մեկնաբանել եւ այլն: Այսօր Aravot.am-ը փորձեց գոնե ասուլիսի ընթացքում նրանից ստանալ իր հարցերի պատասխանները, բայց անգամ ասուլիսում Բաբուխանյանը մինչ պատասխանելը շեշտեց, թե ինչ վատ սովորություն ունի «Առավոտը», նույն հարցերը մի քանի անգամ տալու բնավորություն ունի եւ այլն:

Սակայն Հայկ Բաբուխանյանի հակա-Առավոտական ելույթից հետո նրան գերազանցեց Արամ Մանուկյանը:

Այս օրերին, հատկապես Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի հայտարարություններից հետո, բազմաթիվ հարցեր էին առաջացել` Արամ Մանուկյանի հետ կապված: Մասնավորապես, թե նա ինչպե՞ս է այնուամենայնիվ քվեարկել` Վանո Սիրադեղյանի ձերբակալման հարցին, դե՞մ է եղել արդյոք, որ Վանո Սիրադեղյանն առաջին անգամ դառնա ՀՀՇ նախագահ, ինչո՞ւ են ՀՀՇ վարչության տարբեր անդամներ խիստ հակասական պատմություններ պատմում նրա հետ կապված եւ այլն:

ՀԱԿ ակտիվիստների ազատության համար դատախազության առջեւ անցկացվող ակցիայից հետո մոտեցանք Արամ Մանուկյանին` այս հարցերի պատասխանները ստանալու: Նա հեռվից արդեն ձեռքը թափահարեց` ցույց տալով, որ հեռանանք: Մենք բացատրեցինք, որ լրագրողի մեր պարտականություններն ենք կատարում, որ ընդամենը ճշտում ենք ուզում, որ նյութում լինի նաեւ իր պարզաբանումը, որ չենք ուզում նյութը միակողմանի լինի, որ փորձում ենք բազմակողմանիությունն ապահովել եւ այլն: Սակայն Արամ Մանուկյանը սկսեց քայլել այս ու այն կողմ` ասելով, որ զզվում է մեր քաղաքական գծից էլ, մեզնից էլ, մեր գրածից էլ, մեր վերնագրերից էլ, մեր նյութերից էլ. «Ես ձեզ ո՞նց բացատրեմ, որ իմ հետ գործ չու-նեք, մի’ մոտեցեք ինձ, հարցեր մի’ տվեք, ես հարցազրույց չեմ տալիս, ձեր առաջնորդողնե~րը, դո~ւք, այդ ի՞նչ վերնագիր էիք դրել»:

Ակցիայի մասնակիցները, իրենց ակցիան թողած` հետեւում էին, թե ինչպես է պատգամավորը այս ու այն կողմ գնում, լրագրողն էլ տառացիորեն հետեւից վազում ու խնդրում հայտնել տեսակետ, որպեսզի մեր ընթերցողների մոտ տպավորություն չստեղծվի, որ տպագրում ենք միայն Արամ Մանուկյանի մասին քննադատությունները` առանց նրան լսելու: «Ձեր համար Սիրունյանը առաջին կողմ էլ է, երկրորդ կողմ էլ է, երրորդ կողմ էլ է: Ես ձեր համար կողմ չեմ, իմ հետ գործ չունեք»,- ասաց Արամ Մանուկյանը ու մեջքով շրջվեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031