ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք` ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների` կրթության ոլորտի աշխատողների 2-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքների իրականացման և անցկացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստին մասնակցում են ՀՀ պետական կառավարման մարմինների, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ: Բացման խոսքում նախարարը կարևորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը, որոնք ըստ Արմեն Աշոտյանի, նոր խթան կհանդիսանան ԱՊՀ տարածքում կրթական նոր համագործակցության, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման տեսանկյունից: Նիստի ընփթացքում օրակարգի հարցերը ներկայացրել և համապատասխան պարզաբանումներով է հանդես եկել ԿԳՆ արտաքին կապերի և Սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տ. Սահակյանը, ով, մասնավորապես, տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծվել է համագումարի աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ, որի շրջանակում արդեն տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ՀՀ և ՌԴ կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների միջև: Ըստ վարչության պետի` հստակեցվել են համագումարի անցկացման ժամանակացույցը, օրակարգը և նախանշված ծրագրերը: ԱՊՀ գործադիր կոլմիտեի անունից բոլոր մասնակից պետություններին ուղարկվել են մասնակցության հայտեր. արդեն ստացվել է չորս մասնակից պետությունների համաձայնություն: Համաձայն Տ. Սահակյանի տեղեկատվության` նախատեսվում է, որ համագումարին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի շուրջ 20 պատվիրակություն, որոնց կազմում ընդգրկված շուրջ 500 պատվիրակներից 250—ը կներկայացնեն ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտի, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները: Տ. Սահակյանը նաև տեղեկացրել է, որ համագումարի ընթացքում նախատեսվում է անցկացնել կրթական EXPO ցուցահանդեսներ, որի շրջանակում յուրաքանչյուր պատվիրակություն կունենա իր տաղավարը: Բացի այդ, առաջիկայում կգործարկվի նաև համագումարի աշխատանքները լուսաբանող կայք:
Նիստի ընթացքում նաև նշվել է, որ ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների` կրթության ոլորտի աշխատողների 2-րդ համագումարին զուգահեռ Երևանում տեղի կունենա նաև ԱՊՀ մասնակից պետությունների կրթության նախարարների 19-րդ համագումարը:
Նիստի ընթացքում նաև նշվել է, որ ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների` կրթության ոլորտի աշխատողների 2-րդ համագումարին զուգահեռ Երևանում տեղի կունենա նաև ԱՊՀ մասնակից պետությունների կրթության նախարարների 19-րդ համագումարը: