Այսօր «Ազատություն», «Պայքար, պայքար, մինչեւ Սերժի վերջ» վանկարկումներով ՀԱԿ ակտիվիստների ազատության համար ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ կոնգրեսականները բողոքի ակցիա էին կազմակերպել:
Նրանք բողոքում էին անարդար դատավճռի դեմ, որը կայացրել է Կենտրոն եւ Նորք -Մարաշի համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի նկատմամբ:
Ակցիայի մասնակիցներից մեկը պատմեց, որ իր տղան Փարիզում է գտնվում, որ նրան Հովիկ Թամամյանը ձերբակալել է, նա ողջունեց պայքարողներին, որոնք այս «ավազակապետության» դեմ են դուրս եկել` ասելով. «Ո~վ հայ ժողովուրդ, քո փրկությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարների մեջ է»:
Կարդացեք նաև
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Իշխանության անխոհեմության, ոչ սառը դատողության արդյունքում մենք կրկին դատարանի որոշում ունենք` ազատազրկման ենթարկել 4 ակտիվիստների: Տվյալ դեպքում 2-ը ՀՀՇ երիտասարդական մարմնի համագումարի կողմից ընտրված անդամներ են: Դատարանը ստիպեց 150 անգամ ակցիա անելուց հետո նորից վերականգնել ակցիաները` դատախազության մոտ»:
Նա նշեց, որ ակցիաները այսուհետեւ լինելու են ամեն ուրբաթ ու դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ չենք ունենա քաղբանտարկյալ: Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ վճռի հետ կապված՝ ՀՀ-ում գործող բոլոր դեսպանատներին, բոլոր միջազգային կառույցներին տեղյակ են պահել, ԵԽԽՎ պատվիրակություններին, հանձնաժողովներին, խմբերին, տեղյակ են պահել նաեւ եվրոպական լիբերալ կուսակցություններին, երիտասարդական կառույցներին, բոլոր հնարավոր այն կառույցներին, որոնք հետաքրքրված են Հայաստանի քաղաքական դաշտով եւ շահագրգռված են` Հայաստանում քաղբանտարկյալ չլինելու համար: ՀԱԿ-ը հուս ունի, որ շուտով միջազգային եւ եվրոպական կառույցներից արձագանքներ կստանա:
Իր ելույթում Արամ Մանուկյանը նշեց, որ բոլոր դեսպանները զարմացած են այս որոշման համար` ՀԱԿ ակտիվիստներին այդքան դատապարտելու. «Այն էլ այն դեպքում, երբ 4 կողմը` իշխանական, պատգամավորական, կառավարական էլիտան թաղված է հանցագործությունների մեջ: Աղմկահարույց, զազրելի հանցագործությունների մեջ, սպանությունների մեջ թաղված իշխանությունը իր քաղաքական խոսքի, ասելիքի տեր երիտասարդներին բանտերն է ուզում լցնել: Էս իշխանությունների բութ խելքին պետք է հասկացնել, որ դա իրենց էլ է վնաս, դա մեր երկրի վարկի խնդիրն է: Ես գիտեմ իրենց տղայական մոտեցումը: Իրենք փորձում են ժողովրդի հիասթափության, վախի մթնոլորտում պահել,արտագաղթ ապահովել, որ դատարկ տեղը հեշտ իշխանություն իրականացնեն»:
Նա նշեց, որ ընդարձակվում է քաղբանտարկյալների խնդիրը. «Ես վստահ եմ` անգամ ադրբեջանցիները կպաշտպանեն այս խնդիրը, որովհետեւ իրենք էլ շատ լուրջ պրոբլեմ ունեն` 70 քաղբանտարկյալ, 16-ը ազատվել է վերջերս` եվրոպական ճնշման արդյունքում»:
Արամ Մանուկյանի գնահատմամբ` այս ակցիան միայն Կոնգրեսինը չէ, միացել են ֆեյսբուքային սոցցանցերը, քաղաքացիական նախաձեռնությունները միանում են, ինչը շատ ողջունելի է. «Այսինքն՝ Հայաստանի լայն շերտերն են արդեն շահագրգռված` Հայաստանում քաղբանտարկյալ չլինելու համար: Մենք ուղղակի պարտավորված ենք շարունակել ընդլայնել այս դաշտը այնքան, մինչեւ Հայաստանում որեւէ քաղբանտարկյալ չլինի: Այդքան բանը մենք կարող ենք անել»:
Հարցին` այն, որ Հայաստանում կա այսօր քաղբանտարկյալ, չի՞ վկայում, որ այն ձեռքբերումները, որոնք գրանցել ենք ժողովրդավարության համար պայքարում, հետընթաց են ապրել` նա պատասխանեց, որ այդ առումով ոչ մի ձեռքբերում չենք ունեցել. «Ձեռքբերումը եղել է միայն ճնշման միջոցով: Չլիներ ժողովրդի ճնշում` քաղբանտարկյալները նստած կլինեն, չլինի ժողովրդի ճնշում` Տիգրանն ու մնացած տղերքը նստած կմնան: Իշխանության բարեհաճության հետք այստեղ անգամ չկա: Իրենք աննախադեպ բան արեցին: Աննախադեպ է, երբ դատախազը առաջարկում է մի աննորմալ պատիժ եւ առավել եւս աննորմալ է, երբ դատավորը պահանջածից ավելին է ուզում: Սա պարզապես մրցակցություն է` իշխանություններին քծնելու եւ ցույց տալու, թե ով է ավելի նվիրված այսօրվա վարչական ավտորիտար ռեժիմին: Մենք ստիպված ենք այս փաստն արձանագրել եւ մեր անելիքն անել: Իսկ մեր անելիքը իսկապես ես երաշխավորում եմ` մենք չենք հանգստանա, որեւէ հնարավոր տարբերակ պետք է օգտագործենք` քաղբանտարկյալ չլինելու համար: Մեր ջահելներին մենք չենք թողնի բանտերում: Կոչ եմ անում բոլոր քաղաքական եւ հասարակական նախաձեռնություններին միանալ սրան: Ամոթ է Հայաստանի համար: Մարդը իր կարծիքի համար բանտում չպետք է լինի: Նամուսի խնդիր է»:
Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ այս տարվա փետրվարին ՀՀ-ի բոլոր քաղաքական ուժերի երիտասարդական թեւերը համատեղ մի փաստաթուղթ են ստորագրել, որ իրենք պարտավորվում են պայքարել քաղաքական դրդապատճառներով բանտերում հայտնված եւ հետապնդված մարդկանց ազատության համար` անգամ ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ՀՀԿ-ի երիտասարդական թեւերը ստորագրել են այդ նախաձեռնությունը»: Իր ելույթի ընթացքում Արամ Մանուկյանը վստահեցրեց, որ այն ճաշը, որը իշխանությունները եփել են, իրենք էլ ուտելու են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ