Ընկերության երկամուտն այնուամենայնիվ ավելացել է 30 տոկոսով
Աշխարհում ամենամեծ ժողովրդականությունը վայելող սոցիալական ցանցը՝ «Facebook» կայքը հայտնել է այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում կորուստներ կրելու մասին՝ չնայած այն հանգամանքի, որ ընկերության եկամուտը նույն ժամանակահատվածում գերազանցել է կանխատեսումները:
«Facebook»-ը մայիս ամսին կայացած նախնական հրապարակային առաջարկից հետո հրապարակված եկամուտների մասին իր առաջին հաշվետվությունում նշել է 157 միլիոն դոլար կորուստներ ունենալու մասին՝ միաժամանակ հրապարակելով 1,18 միլիարդ դոլար եկամուտ, որը 30 տոկոսով գերազանցել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ստացված եկամուտը:
Կորուստներն, ըստ ընկերության, գոյացել են հրապարակային նախնական առաջարկի ընթացքում համակարգիչների սխալ աշխատանքի պատճառով վնասներ կրած ներդրողներին վճարված փոխհատուցումների պատճառով:
Հրապարակային նախնական առաջարկի ժամանակից «Facebook»-ի բաժնետոմսերի գինը նվազել է մոտ 30 տոկոսով՝ հիմնականում այն պատճառով, որ ներդրողները կասկածներ ունեն ընկերության կողմից գովազդի միջոցով եկամուտներ ստանալու կարողության մասին:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»