Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

Հուլիս 27,2012 16:04

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ քսաներորդ

ԱՇԽԱՐՀԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

Իմ ու Կարենի էս զրույցը երկու օր առաջ՝ երկու հազար տասնմեկի մարտի մեկին էր, եւ երբ Աստծո ջրհեղեղից ու Նոյից էինք խոսում, հանկարծ շատ ուժեղ ձայներ լսվեցին, եւ երբ բուֆատապանուհին ներս մտավ, Կարենը բուֆետապանուհուն հարցրեց՝ «էդ ի՞նչ շուխուռ ա», եւ բուֆետապանուհին ասաց՝ «Մատենադարանից միտինգավորներն էկել հավաքվել են Մյասնիկյանի արձանի մոտ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հիսուն հազարից ավել մարդ կըլնի», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ինձ նայելով ասաց՝ «էդ խեղճերն էլ են կարծում, որ աշխարհը հնարավոր ա վերափոխել», եւ Կարենի սեղանակիցներից գանգրահերն առաջին անգամ մեր խոսակցությանը խառնվելով ասաց՝ «ասում են՝ տասներկու թվականին աշխարհը լրիվ ա կործանվելու», եւ Կարենը մի քիչ մտածեց, նայեց ինձ ու սկսեց քահ-քահ ծիծաղել, հետո մի պահ դադար տվեց, մի քիչ մտածեց ու սկսեց ավելի անզուսպ հռհռալ, եւ ես ու մեր երկու սեղանակիցներն ապշահար իրեն էինք նայում, եւ Կարենը մի պահ հռհռոցը դադարեցնելով ինձ հարցրեց՝ «ասում ես՝ էդ մեր մասին գրածդ էրկու տարուց ա՞ տպվելու», եւ ես մի քիչ մտածեցի ու  ասացի՝ «մոտավորապես», եւ Կարենը նորից սկսեց քահ-քահ ծիծաղել, եւ ես ու մյուս սեղանակիցներն ապշահար իրեն էինք նայում, եւ Կարենը շարունակում էր ծիծաղել, եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ ես ծիծաղում», եւ Կարենը մեծ դժվարությամբ ծիծաղը զսպելով ինձ ասաց՝ «ա՛յ խելոք, տասներկու թվին որ աշխարհը կործանվի, էլ ո՞նց պիտի մեր մասին էդ բստրածներդ տպագրես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «էդ հըլը հարց ա՝ աշխարհը կկործանվի՞, թե՝ չէ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «էդ հըլը հարց ա՝ մեր մասին էդ բստրածդ կտպագրվի՞, թե՝ չի տպագրվի», եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞ չպիտի տպագրվի», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի քանի պատճառ կա», եւ ես հարցրի՝ «ի՞նչ պատճառ», եւ Կարենը նորից սկսեց հռհռալ եւ հռհռալով ասաց՝ «առաջին ու գլխավոր պատճառն, իհարկե, աշխարհի կործանումն ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «աշխարհի կործանումը հասկացանք. ուրիշ ի՞նչ պատճառ կա», եւ Կարենը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «մյուս պատճառն էլ պակաս կարեւոր չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ավելացրեց՝ «մինչեւ իրա համաձայնությունը չստանաս, չես կարա տպես», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ւմ համաձայնությունը», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մինչեւ էս թազա կնիկս իրա համաձայնությունը չտա, ոչ մի բան էլ չես տպի», եւ ես մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «իրա համաձայնությունը պարտադիր ա՞»,  եւ Կարենը մի քիչ մտածեց եւ նորից սկսեց հռհռալ ու հռհռալով ասաց՝ «եթե առանց իրա համաձայնության տպես, հենց էդ պահից կարող ա աշխարհի կործանումն սկսվի» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «էս թազա կնիկս շատ սկզբունքային անձնավորություն ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «բախտդ չի բերում», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ինչի՞», եւ ես ժպտալով ասացի՝ «սաղ կնիկներդ էլ սկզբունքային անձնավորություններ են», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու մենակ նախավերջինին ու վերջինին ես  ճանաչում», եւ ես ասացի՝ «ամենաառաջինին էլ եմ ճանաչում», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «ամենաառաջինի՞ն որտեղից ես ճանաչում», եւ ես ասացի՝ «ամենաառաջինը Տաթեւիկի ընկերուհին էր», եւ Կարենը զարմացած հարցրեց՝ «Տաթեւիկին էլ ե՞ս ճանաչում», եւ ես ասացի՝ «Տաթեւիկի հետ «Ծիծեռնակում» մի քանի տարի աշխատել ենք» եւ ավելացրի՝ «առաջին կինդ Տաթեւիկի մոտ շուտ-շուտ էր գալիս», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, մենակ առաջինին, նախավերջինին ու վերջինին ես ճանաչում», եւ ես ժպտալով ասացի՝ «վերջինին ոչ մի անգամ չեմ տեսել», եւ Կարենը մի քիչ մտածեց ու նորից սկսեց հռհռալ, եւ ես զարմացած հարցրի՝ «հիմի՞ ինչի ես ծիծաղում», եւ Կարենը հռհռալով  ասաց՝ «վերջինին չես տեսել, բայց իրա մասին մի հատոր արդեն գրել ես» եւ մի քիչ  մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «իրա մասին որ իրա անունով գրում ես, պարտադիր պիտի իրա համաձայնությունն ստանաս», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «կարամ իրա անունը փոխեմ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «կարամ վաբշե անուն չգրեմ. կարամ գրեմ՝ դրամատուրգ» եւ ժպտալով ավելացրի՝ «մեծատառով», եւ Կարենը մի  քիչ մտածեց ու ասաց՝ «որ մեծատառով դրամատուրգ գրես, կարող ա նախավերջին կնիկս իրա վրա վերցնի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «իսկականից բախտդ չի բերել», եւ Կարենը ժպտալով հարցրեց՝ «ինչի՞ չի բերել», եւ ես ժպտալով ասացի՝ «սաղ կնիկներդ դրամատուրգ են», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «մենակ վերջին էրկուսն են դրամատուրգ», եւ ես ժպտալով ասացի՝ «բայց էրկուսն էլ տաղանդավոր են», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ներկայացումը կնայես՝ հետո կխոսանք», եւ ես ժպտալով հարցրի՝ «հրավիրատոմս կտա՞ս», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես տոմսերի հետ ոչ մի կապ չունեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «տոմս կառնեմ՝ կգամ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «արի նայի՝ հետո կխոսանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «համ էլ՝ տիկին Անթառանյանի հետ կծանոթանաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ իրա մասին գրում ես, գոնե մի քիչ պիտի ծանոթ ըլնես», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Լիանայի հետ կծանոթանաս ու իրա մասին գրածներդ կվերանայես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «վերանայելու կարիք չկա», եւ Կարենը զարմացած գոռաց՝ «ո՞նց թե՝ վերանայելու կարիք չկա» եւ մի քիչ  մտածեց ու վրդովված հարցրեց՝ «այսինքն, կարաս ժիվոյ մարդկանց մասին ինչ ուզես գրե՞ս», եւ ես մի քիչ մտածեցի ու արդարանալով ասացի՝ «ես ձեր մասին ոչ մի վատ բան չեմ գրել» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «ոչ Լիանայի մասին եմ վատ բան գրել, ոչ էլ՝ քո», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «լավն ու վատը հարաբերական բաներ են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարող ա քո համար շատ լավ ըլնի, բայց մեր համար՝ շատ վատ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ես ընդհանրապես մարդկանց մասին վատ բաներ չեմ գրում», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «խոսքը ստի ու ճշմարտության մասին ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «ես ձեր մասին ոչ մի սուտ բան չեմ գրել», եւ Կարենը զարմացած նայեց ինձ, մի քիչ  մտածեց ու հարցրեց՝ «եթե ոչ մի անգամ հետներս էդ թեմայով չես խոսել, ո՞նց կարայիր ճիշտը գրեիր», եւ ես ստելով ասացի՝ «Նազենիի հաղորդման ժամանակ ձեր մասին ահագին բան պատմեցիք», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Նազենիի հաղորդման ժամանակ հեչ իրականության մի տոկոսն էլ չենք պատմել» եւ մի քիչ էլ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «սուտդ բռնեցի», եւ ես հարցրի՝ «ի՞նչ սուտ», եւ Կարենը ժպտալով ասաց՝ «մի քիչ առաջ ասում էիր, որ Լիանային ոչ մի անգամ չես տեսել, հիմի էլ ասում ես՝ Նազենիի հաղորդման մեջ տեսել ես», եւ ես ստելով ու արդարանալով ասացի՝ «տելեվիզորով տենալը տենալ չեմ հաշվում», եւ Կարենը ժպտալով հարցրեց՝ «բա ո՞նց էիր ուզում տենայիր», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ժիվոյ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «տնից մեկին ժիվոյ տենում ես՝ հերիք ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ եմ էդ կարծիքին», եւ Կարենը մի քիչ մտածեց ու լրջանալով ասաց՝ «ամեն դեպքում՝ Լիանայի հետ պիտի համաձայնեցվի», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ես նախ քո՛ համաձայնությունն եմ ուզում ստանամ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ համաձայնությունը շատ քիչ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «կարա՞ս էդ գրածդ գոնե համառոտ ձեւով պատմես», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հա» եւ երբ կասկածանքով նայեցի մեր երկու սեղանակիցներին, Կարենն ինձ  ասաց՝ «էրկուսն էլ ինձ շատ մոտիկ մարդիկ են. իրանց մոտ կարաս ազատ պատմես», եւ ես սկսեցի պատմել եւ սկսեցի էն տեղից, որ Լիանա Անթառանյանն իր հոր մասին հիշելով ու գրելով՝ իր էդ գրավոր հիշողությունները ցույց է տալիս իր ազգականուհուն՝ կիրովականցի բանաստեղծուհի Անթառանյան Լենային, եւ վերջինս էլ իր զարմուհի Լիանայի էդ գրությունները կարդալով՝ զարմանում ու հիանում է, ու վերջում Լենան Լիանային խորհուրդ է տալիս հոր մասին իր էդ գրածը տանել ուղիղ Սունդուկյանի թատրոն եւ ցույց տալ Վահե Շահվերդյանին կամ Շահնազարյան Նելլիին, որովհետեւ վերջիններս կիրովականցիներ լինելով՝ հաստատ կօգնեին Լիանային, եւ երբ էդ ու էդքանը պատմեցի, Կարենն անսպասելի մռնչաց՝ «հենց սկզբից ամեն ինչ սուտ ես գրել», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչն ա սուտ», եւ Կարենը մռնչաց՝ «էդ գործի հետ ոչ Լենան կապ ունի, ոչ էլ՝ Վահեն ու Նելլին», եւ ես զարմացած հարցրի՝ «բա ո՞վ կապ ունի», եւ Կարենը նախ ոտքի կանգնեց, հետո բռունցքով շատ ուժեղ խփեց կրծքին ու գոռաց՝ «ա՛յ էս տղեն», այնուհետեւ նստեց ու ձայնը ցածրացնելով ասաց՝ «Լիանչիկը որ էդ պապկեն ձեռին շիվարած ու մոլորված մտավ էս բուֆետ, առաջինն ինձ ա տեսել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ ես եմ առաջինն իրան նկատել ու տեսել», եւ ես ժպտալով ասացի՝ «հավատում եմ», եւ Կարենը գոռաց՝ «հավատաս՝ չհավատաս, էդ ըտենց ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ Լիանչիկն իրա էդ պապկեն ձեռին՝ մոլորված ու շիվարած մտավ էս բուֆետ, ես հենց էս սեղանին հենց էս տղերքի հետ նստած էի», եւ մեր սեղանակիցներից գանգրահերը ժպտալով ինձ ասաց՝ «մենք վկա ենք, ախպեր ջան», եւ Կարենը գանգրահերի վրա գոռաց՝ «էս դատարան չի, որ վկայություն ես տալիս», եւ գանգրահերը խեղճացած ասաց՝ «ասում եմ, որ մեր ախպերը հավատա», եւ Կարենն արհամարհական նայեց ինձ, հետո նայեց գանգրահերին ու ասաց՝ «ասես՝ չասես, մեկ ա՝ ինքն իրա բստրածներին ա հավատալու» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես էս գրողների կաշին դաբաղանից գիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու մրթմրթալով ասաց՝ «ասես՝ չասես, մեկ ա՝ իրանք իրանց էշն են քշում», եւ ես ժպտալով  ասացի՝ «ինչքան որ դերասաններն են իրար նման, էնքան էլ՝ գրողները», եւ Կարենը թարս նայեց ինձ, մի քիչ մտածեց ու արհամարհական ասաց՝ «պատմի, պատմի տենանք՝ ուրիշ ինչեր ես բստրել», եւ ես շարունակելով հասա էնտեղ, որ Լիանան հոր մասին էդ ձեռագիրը Կարենի մոտ թողնելով՝ մեկնում է Լենինգրադ, որտեղ ամուսնու ու աղջկա հետ ապրում էին, եւ երբ շարունակելով հասա էնտեղ, որ Լիանայի ամուսինը Կարենի կրկնվող հեռախոսազանգերի պատճառով սկսում է կնոջը խանդել, Կարենը մռնչաց՝ «հերի՛ք ա ստեր փչես, ա՛յ տղա», եւ ես խեղճացած հարցրի՝ «ի՞նչն ա սուտ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ձայնը ցածրացնելով ասաց՝ «ոչ մի Լենինգրադ էլ չի էղել. Լիանան մարդու ու աղջկա  հետ ոչ թե Լենինգրադում էր ապրում, այլ՝ Մոսկվայում», եւ ես ժպտալով ասացի՝ «ի՞նչ տարբերություն», եւ Կարենը գոռաց՝ «ո՞նց թե՝ ինչ տարբերություն» եւ մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «Երեւանի ու Լենինականի մեջ տարբերություն չկա՞», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «Լենինգրադը  կփոխեմ՝ Մոսկվա կդարձնեմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրա մարդու խանդի տեսարանն էլ ես սխալ նկարագրել», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա սխալ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու քո վերսիան պատմի պրծի, հետո ես իսկականը կպատմեմ», եւ ես վախվորած հարցրի՝ «իրանք մի հատ աղջիկ ունեն, չէ՞», եւ Կարենն արհամարհական ինձ նայելով ասաց՝ «հա», եւ ես ժպտալով ասացի՝ «ուրեմն, ճիշտ եմ գրել», եւ Կարենը փռթկացնելով ասաց՝ «փաստորեն, էդ միակ բանն ա, որ ճիշտ ես գրել», եւ ես հարցրի՝ «աղջիկը  քանի՞ տարեկան ա», եւ Կարենը տհաճությամբ ինձ նայելով ասաց՝ «նախքան գրելդ պիտի էդ բաները հարցնեիր», եւ ես մի քիչ մտածեցի ու արդարանալով ասացի՝ «արդեն քանի ամիս ա՝ քեզ չեմ  կարում տենամ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կարող ա՞ հանրապետության նախագահն եմ, որ չես կարացել տենաս» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «քեզ ձեռնտու չի էղել, դրա համար էլ ինձ չես գտել» եւ մի քիչ էլ մտածեց ու հեգնանքով ասաց՝ «ինձ որ տենայիր, չէիր կարա էդ փչոցներդ գրեիր» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «ինչքա՞ն ես գրել», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «մի հատոր կըլնի», եւ Կարենը զարմացած նայեց ինձ ու վախեցած հարցրեց՝ «մեր մասին ե՞ս  մի հատոր գրել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «երեւի մի հատորից մի քիչ պակաս կըլնի», եւ Կարենը տհաճությամբ ինձ հարցրեց՝ «մի հատոր ի՞նչ ես գրել, ա՛յ անխիղճ», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «չես թողում պատմեմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «պատմի, պատմի՝ մի քիչ էլ զարմանանք», եւ ես շարունակելով՝ հասա Փարաջանովի թանգարանի իրադարձություններին, եւ Կարենը մի քիչ լսելուց հետո զարմացած գոռաց՝ «Փարաջանովի թանգարա՞նն  ինչ կապ ունի», եւ ես արդարանալով ասացի՝ «թանգարանի տեսարանները հնարել եմ, որ ավելի հետաքրքիր ըլնի», եւ Կարենը մի քիչ մտածեց, խորը շունչ քաշեց ու նեղսրտած հարցրեց՝ «բա Զավե՞նն ինչ կապ ունի», եւ ես արդարանալով ասացի՝ «Զավենը Փարաջանովի թանգարանի տնօրենն ա», եւ Կարենը գոռաց՝ «մերսի, որ տեղեկացնում ես» եւ մի քիչ մտածեց ու գոռալով ավելացրեց՝ «բայց Զավենը մեր պատմության հետ ոչ մի կապ չունի», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «գիտեմ, որ կապ չունի», եւ Կարենը գոռաց՝ «որ գիտես, բա ինչի՞ ես իրան մեր կյանքի մեջ խցկել», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «չգիտեմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ձայնը ցածրացնելով ասաց՝ «Զավենին քանի տարի կըլնի՝ չեմ տեսել», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «ինձ թվում էր՝ իրար հետ շատ մոտիկ եք», եւ Կարենը մի քիչ մտածեց ու գոռաց՝ «կարող ա՞ քո հետ էլ եմ շատ մոտիկ, որ քիթդ խոթել ես անձնական կյանքիս մեջ» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «էլ չեմ ասում, որ Զավենն ու Լիանան վաբշե իրա տեսած չկան», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «ինձ թվում էր, Զավենի հետ մոտիկ եք», եւ Կարենը մի քիչ մտածեց ու վրդովված հարցրեց՝ «կարող ա՞ ինձ ձեռ ես առնում», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «ես քանի՞ գլուխ ունեմ, որ քեզ ձեռ առնեմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու վրդովված ասաց՝ «չգիտեմ քանի գլուխ ունես, բայց, փաստորեն, լավ էլ ձեռ ես առնում» եւ մի քիչ էլ մտածեց ու գոռաց՝ «չըլնեմ չիմանամ՝ էդ պատմածներդ գրես», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «արդեն գրել եմ», եւ Կարենը զզվանքով նայեց ինձ ու ասաց՝ «ղալաթ ես արել», եւ ես արդարանալով ասացի՝ «քեզ չէի կարում տենամ, որ ճիշտը գրեմ», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հիմի արդեն տեսել ես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «հիմի ճիշտը  կպատմեմ՝ կգրես», եւ ես ժպտալով ասացի՝ «փոխանակ ճիշտը պատմես, մի գլուխ գոռգոռում ես», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ քո  անձնականի մասին մեկն ըտենց փչոցներ գրեր, նոր ինձ կհասկանայիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ինձ ուր ա ըտենց բախտ, որ իմ մասին վեպ գրեն», եւ Կարենը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ամբողջ վեպդ ա՞ մեր մասին», եւ ես ժպտալով ասացի՝ «մի հատորն ա ձեր մասին», եւ Կարենը հարցրեց՝ «ամբողջ հատորը՞», եւ ես ժպտալով ասացի՝ «համարյա», եւ Կարենը բավական երկար մտածեց ու հարցրեց՝ «պարտադիր ա՞, որ մեր մասին գրես», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «արդեն գրել եմ, Կարեն ջան», եւ Կարենը մի քիչ մտածեց ու նեղսրտած հարցրեց՝ «բայց պարտադիր է՞ր, որ գրեիր», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «ցանկալի էր», եւ Կարենը հարցրեց՝ «ինչո՞վ էր ցանկալի», եւ ես չգիտեի ինչ ասեմ ու շփոթված ասացի՝ «եսիմ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031