Լրահոս
Օրվա լրահոսը

Լապարասկոպիկ վիրահատությունը առավելագույն հարմարավետություն եւ քիչ տրավմա է պատճառում

Հուլիս 27,2012 16:00

«Ինչը որ հնարավոր է կատարել լապարասկոպիկ եղանակով, մեկ վայրկյան անգամ չպետք է մտածել, այլ եղանակով կատարելու մասին: Լապարասկոպիկ եղանակով վիրահատությունը մի շարք առավելություններ ունի. նախ, այն հիվանդի համար ապահովում է առավելագույն հարմարավետություն եւ քիչ տրավմատիկ է, բարդությունների հավանականությունն ավելի ցածր է: Մեր կենտրոնում լապարասկոպիկ վիրահատությունից հետո հիվանդի՝ հիվանդանոցում գտնվելու միջին տևողությունը 1 մահճակալ օր է, այսօր վիրահատեցին` վաղը հիվանդը պատրաստ է դուրս գրվել»,- Aravot.am-ի հետ զրույցում լապարասկոպիկ վիրահատության առավելությունները ներկայացրեց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկ Արմեն Գասպարյանը:

Բժշկի խոսքերով, կոսմետիկ տեսանկյունից նույնպես վիրահատության այս եղանակը հարմար է, քանի որ, մասնագետի վստահեցմամբ, վիրահատությունից հետո մարդու մարմնի վրա ընդամենը 5 միլիմետրանոց անցքերի սպիներ են մնում, որոնք գրեթե չեն երեւում:

Լապարասկոպիկ վիրահատությունն ավելի կարճ է տեւում, հետեւաբար ընդհանուր անզգայնացման տեւողությունը եւս կարճանում է: Հիվանդը վիրակապի կարիք չի ունենում եւ մեկ շաբաթից վերադառնում է իր սովորական կյանքին:

Բժիշկ Գասպարյանը լապարասկոպիայի եղանակի մի կարեւոր առավելության մասին էլ խոսեց. «Մեզ մոտ լապարասկոպիկ եղանակով կատարվում է նաեւ անպտղության ախտորոշում եւ բուժում: Լապարասկոպիան անպտղության ժամանակ շատ մեծ դեր ունի: Այն բանի շնորհիվ, որ գործիքները շատ նուրբ են, պատկերն էլ մեծանում է այնքան, որ ամենամանրակրկիտ դետալները տեսանելի են դառնում, հնարավոր է փողերի հետ կապված բոլոր թերությունները տեսնել և հնարավորինս ուղղել: Այսինքն` այն, ինչ որ անզեն աչքով կարող է չտեսնես, լապարասկոպիայով անպայման կտեսնես: Շատ հաճախ արգանդափողերի կպումներ առաջանում են վիրահատություններից, բորբոքային հիվանդություններից հետո, էնդոմետրիոզի հետևանքով: Կպումների պատճառով փողերը դառնում են անանցանելի: Լապարասկոպիկ եղանակով կպումները վերացվում են: Լապարասկոպիան թույլ է տալիս ախտորոշել էնդոետրիոզ, ձվարանների պոլիկիստոզ հիվանդությունը և իրականացնել բուժական միջամտություններ»:

Հայաստանում, լապարասկոպիկ վիրահատություններն առաջին անգամ կատարվել են այս գիտահետազոտական կենտրոնում` 1974 թվականին, որից հետո կենտրոնի վիրաբուժական բաժանմունքը պարբերաբար թարմացվում եւ լրացվում է էնդոսկոպիկ եւ իննովացիոն տեխնոլոգիաներով:

Մեզ հետ զրույցում բժիշկ Արմեն Գասպարյանն ասաց, որ ներկայումս իրենց բաժանմունքն աշխատում է գերմանական էնդո-վիդեո վիրաբուժական սարքավորումներով. «Համակարգչային հատուկ սարքը կցված է լապարասկոպիկ տեխնիկային, ինչը հնարավորություն է տալիս վիրահատությունները ձայնագրել` հետագայում վերլուծելու համար: Այսօրվա դրությամբ մեր էնդոսկոպիկ բաժանմունքը կատարում է գինեկոլոգիական վիրահատությունների գրեթե բոլոր ծավալները, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում»:

Լապարասկոպիկ եղանակով այս կենտրոնում կատարվում են արգանդի, ձվարանների նորագոյացությունների հեռացում, արտաարգանդային հղիության վիրահատություն: Բժշկի խոսքերով, առաջին անգամ Հայաստանում եւ հենց Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում է կատարվել եւ այսօր էլ կատարվում է կանանց անհանգստացնող անմիզապահության շտկում լապարասկոպիկ եղանակով: «Անփոխարինելի վիրահատություն է: Դա այսօր աշխարհում գինեկոլոգիայի բնագավառում լուրջ վիրահատություն է համարվում: Մեր կենտրոնում առաջին անգամ այդ վիրահատությունը կատարվել է մի քանի ամիս առաջ»,- վստահեցրեց բժիշկը:

Այս ոլորտի նորամուծություններին ծանոթանալու եւ կենտրոնի աշխատանքային առօրյայում դրանք ներդնելու համար կենտրոնի էնդոսկոպիկ վիրաբույժները պարբերաբար վերապատրաստվում են աշխարհի տարբեր երկրներում`Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ռուսաստանի լավագույն կլինիկաներում, մասնակցում միջազգային կոնֆերանսների ու դասընթացների:

«Մեր կենտրոնում լապարասկոպիայի հետ զուգահեռ քայլող վիրահատություններից  մեկն էլ  հիստերոսկոպիան է, որը նույն էնդո-վիդեո վիրաբուժությունն է` արգանդի խոռոչի համար: Այդ վիրահատության ժամանակ արգանդի խոռոչ են մտցնում ավելի փոքր տրամաչափի գործիքներ ու տեսանկարահանող սարք, որոնց միջոցով հեռացվում են արգանդի խոռոչի պոլիպներ, մինչեւ 4-5 սմ միոմայի հանգույցներ, բացի այդ, իրականացնում են օրգանի բնածին արատների (արգանդի միջնապատեր) շտկում»,-ասաց  Արմեն Գասպարյանը:

«Եվ ընդհանրապես յուրաքանչյուր կին պետք է պարբերաբար դիմի գինեկոլոգի՝ մի շարք հիվանդությունների վաղ հայտնաբերման եւ առավել եւս կանխարգելման նպատակով»,-ասում է բժիշկը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031