Ինչպես հաղորդել էինք, ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2013»-ի մասին մամլո ասուլիս:
Գիտնականների համար նախատեսված «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթին մասնակցում են մինչեւ 35 տարեկան երիտասարդ գիտնականները՝ ներկայացնելով 2011-2012թթ հրատարակված գիտական հոդվածների շարք:
Գրողների համար նախատեսված է «Գրական մրցանակաբաշխություն՝ 21-րդ դար» մրցույթը: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ մրցույթը սահմանված է գեղարվեստական արձակ, պոեզիա եւ դրամատուրգիա կամ մանկապատանեկան գրականություն ժանրերում. «Մի շարք գրքեր նախորդ տարիների ընթացքում արդեն հրատարակվել են մրցանակաբաշխության շրջանակում, որոշները թարգմանվել են տարբեր լեզուներով: Ինչ վերաբերում է մանկապատանեկան գրականությանը, ապա այն ստեղծողներն առնվազն 60 տարեկան են. նշանակում է՝ ժանրը կորցնում ենք»:
Մրցանակաբաշխության գրականության հանձնաժողովի նախագահ Աելիտա Դոլուխանյանն ասաց, որ հաղթողի ընտրման հարցում բացառվում են ծանոթությունը եւ միջնորդությունը. «Բոլոր գործերն ընթերցվում են հանձնաժողովի անդամների կողմից եւ ենթարկվում լուրջ քննարկման»:
Կարդացեք նաև
Նկարիչների համար հայտարարվել է կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների մրցույթ՝ գեղանկար, քանդակ, գրաֆիկա եւ կիրառական արվեստ ժանրերում: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով՝ ներկայումս պետությունն ուշադրություն չի դարձնում իր նկարիչներին, մինչդեռ հանրությունը կարիք ունի նրանց ճանաչելու. «Նկարիչները բարձր են գնահատում այս մրցույթը եւ ոգեւորությամբ մասնակցում»:
Հավելենք, որ մրցույթներ են հայտարարված նաեւ կոմպոզիտորների, երաժշտագետների, լրագրողների եւ պաշտպանության բանակի լավագույն սպաների ու զինվորների համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ