Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը գրիլի փողոց են սարքում, ամերիկացիները՝ ունիվերսամ

Հուլիս 27,2012 14:46

Այսօր հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը եւ  սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը խոսեցին ազգային բնավորության, հոգեբանության, հայկական մենթալիտետի մասին:

Հոգեբանը նկատեց՝ ինչպես յուրաքանչյուր անհատ, ընտանիք, այնպես էլ  ազգը իր պատմության ընթացքում ձեւավորում է պատկերացումների համակարգ: «Ձեւավորվում են այնպիսի պատկերացումներ, որոնք ազգային գիտակցության մեջ տպված են ու կարող են տանել նույնիսկ կործանման, կամ՝ նպաստել, որ այն զարգանա»,- ասաց Խուդոյանը, որի պատկերացումներով՝ հայ ազգը նույնպես ունի նման կողմեր, դրանցից է, օրինակ, հարմարվողականությունը, ինչն էլ եւ օգնում է, եւ խանգարում:

Ադիբեկյանն էլ իր կառուցվածքային պատկերացումներով կիսվելով՝ նշեց,  որ  Ճապոնիայի կառավարությունն ուզում է ստեղծել արհեստական մտածող մեքենա, ունենալ աշխարհում ամենաբարձր IQ-ն եւ որ դպրոցի շրջանավարտների 10-ից 9-ը կարողանա ուսումը շարունակել բուհում. «Խնդիրը մտային կարողությունների հզորացումն է: Այսինքն՝ այս ազգն իր հույսը դրել է ազգային մենթալիտետի հզորացման վրա, որպես ամենակարեւոր ռեսուրս: Ի դեպ, նշեմ, որ նրանք Հայաստանում չցանկացան ներդրումներ կատարել՝ պատճառաբանելով մեր մենթալիտետի ռեսուրսակլանող ու աճեցնող չլինելը: Այսինքն՝ Ճապոնիան լավագույն դեպքում մեզ կարող է մի քանի տրակտոր նվիրել: Բերեմ մի պարզ օրինակ, երբ մի հայ  տեսնում է մեկը գրիլ է վաճառում, բերում՝ ինքն էլ է նրա կողքին  գրիլ  դնում, հետո երրորդն է ավելանում ու այդպես դառնում է գրիլի փողոց, իսկ ԱՄՆ-ում եթե մեկը հյութ է վաճառում, մյուսը համբուրգեր  է դնում, այն երրորդը օղի, չորրորդն էլ գրենական պիտույքներ, եւ այդ ամենի արդյունքում ստացվում է փոքր ունիվերսամ»,- ասաց Ադիբեկյանը՝ շեշտելով, որ  հայ ազգը կամազուրկ է: «Հաճախ մենք գլուխ ենք գովում, թե գրագետ ազգ ենք, բայց գիտելիքները 5 տարին մեկ արժեզրկվում եւ փոփոխվում են, իսկ հայը չի ուզում փոփոխվել, որովհետեւ դրա ունակությունը չունի»,-ավելացրեց Ադիբեկյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031