Այսօր Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում ներկայացվեցին Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, ՀՀ Սփյուռքի նախարարության, Գիտությունների Ազգային Ակադեմիայի և հանրապետության ստեղծագործական միությունների հետ համատեղ ավանդաբար անցկացվող լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքների «Մրցանակաբաշխություն 2013»-ի նպատակները եւ անցկացման կարգը:
Մրցույթը մեկնարկում է հուլիսից, իսկ արդյունքները կամփոփվեն հաջորդ տարվա նույն ամսին:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը փաստեց, որ Ռուսաստանի հայերի միությունը ստեղծման օրից օժանդակել է Հայաստանի գիտական եւ ստեղծագործական մտավորականության աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու գործունեության ակտիվացմանը. «Այսօրվա մտավորականներն ունեն լուրջ դժվարություններ` բնագավառում աշխատելու ուղղությամբ, բայց մրցանակաբաշխության շնորհիվ նրանք հնարավորություն ունեն օգնություն ստանալ իրենց կատարած աշխատանքների համար»:
Կարդացեք նաև
Պարոն Գաբրիելյանը հավելեց, որ 2007 թ-ից անցկացվող մրցանակաբաշխությունը լայն արձագանք է գտել գիտական հանրության շրջանակում. «Անկախ ստացած մրցանակներից՝ ներկայացված աշխատանքների որակը բարձր է եղել: Մեր գիտնականները տարածաշրջանում բարձր դիրք են զբաղեցնում»:
Նշենք, որ նախորդ տարիների ընթացքում լավագույն գիտական աշխատանքների մրցույթին մասնակցել են մտավորականության շուրջ 1250 ներկայացուցիչ, որոնցից 150-ը դարձել է մրցանակակիր:
Մրցանակաբաշխության մանրամասները կներկայացնենք հաջորդիվ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ