Կարծում է ազգությամբ ռուս հայագետը
Երիտասարդ հայագետ Էլլի Պոնոմարյովան հայերով ու Հայաստանով առաջին անգամ սկսել է հետաքրքրվել Պետերբուրգի պետական համալսարան ընդունվելուց հետո:
«Իմ գիտելիքները Հայաստանի մասին Պետերբուրգի համալսարանի արեւելագիտության բաժին ընդունվելուց առաջ բավականին համեստ էին: Հետո ընթացքում լրացրի «բացը»: Ճիշտն ասած, բաժնի ընտրությունը պատահական էր, բայց հիմա ուրախ եմ, որ հենց հայագիտությունն եմ ընտրել»,- պատմում է Էլլին:
Երիտասարդ հետազոտողը հետաքրքիր է համարում այն փաստը, որ Կովկասի վերջին շրջանի պատմությունն այդքան էլ ուսումնասիրված չէ Ռուսաստանում:
Հայագետի կարիք Ռուսաստանում, մեր զրուցակցի կարծիքով, հաստատ կա, մանավանդ, նրա խոսքով, երկու ժողովուրդներն էլ քրիստոնյա են եւ հետո Ռուսաստանում հոծ հայ համայնք կա. «Պետք է, որ Ռուսաստանում պետական մակարդակով փորձեն հասկանալ այն բոլոր ազգերին, ովքեր գալիս են Ռուսաստանում ապրելու: Դա կօգնի նրանց ճիշտ ճանաչել ու առասպելներ չհորինել: Սա թույլ կտա ռուս հասարակությանը լինել ավելի հանդուրժող, եւ տարբեր ազգերն այստեղ ստիպված չեն լինի ձուլվել, այլ հնարավորություն կունենան պահպանել իրենց մշակույթը, լեզուն, կրոնը»: Էլլին Հայաստանում շատ ընկերներ ունի: «Առաջին անգամ Հայաստան եկա միայնակ, բայց շատ չէի վախենում մենակ մնալուց, քանի որ արդեն հասկացել էի, որ հայերը հյուրասեր են, մենակ չեն թողնի»,- ասում է մեր զրուցակիցը:
Բնութագրելով հայերին՝ նա փաստում է՝ հայերը սովորություններ ունեն, որոնք հենց միայն հայերինն են. «Բաներ կան, որ անսովոր էին: Օրինակ, որ մարդիկ էմոցիոնալ են, աղմկոտ: Առաջին հայացքից դա շփոթեցնում է, թվում է, թե մարդիկ ոչ թե ուղղակի զրուցում են, այլ կռվում են»:
Տարվա ընդմիջումից հետո կրկին Հայաստան այցելելով՝ նա Երեւանում փոփոխություններ է նկատել. «Փոխվել է քաղաքի տեսքը: Ցավալի է այն, ինչ կատարվում է կենտրոնում. Թամանյանի Երեւանը քանդվում է…»:
Էլլին ցանկանում է հայագիտության գծով գիտական աշխատություն գրել. պլանավորում է դիմել ասպիրանտուրա:
«Ուզում եմ ուսումնասիրություն անել Հայաստան վերադարձող սփյուռքահայերի մասին: Նկատում եմ, որ Հայաստան վերադարձողները որոշակի խնդիրներ են ունենում: Հատկապես արեւմտյան երկրներից եկողները ցանկանում են, որ այստեղ էլ ամեն ինչ լինի ըստ օրենքի, նրանց մտածելակերպը տարբեր է: Մտածում են, որ իրենք տուն են գալիս: Առկա է նաեւ լեզվի խնդիրը»,- կարծում է Էլլին:
Հայագետը հետաքրքիր է համարում այն հանգամանքը, որ չնայած տնտեսական դժվարություններին, Հայաստանում հաստատվել ցանկացող սփյուռքահայերը շատ են: Երիտասարդ հայագետը պլանավորել է այցելել նաեւ սփյուռքի նախարարություն: Նա եկել է այն համոզման, որ աշխարհի բոլոր սփյուռքներն ինչ-որ նմանություններ ունեն, իսկ հայկականն ամեն դեպքում առանձնանում է:
ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ